Կարևոր իրադարձություններ

Խոշտանգումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն՝ միջազգային կառույցներին դիմելու համար

13 Ապրիլ, 2016 14:46
Խոշտանգումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն՝ միջազգային կառույցներին դիմելու համար

Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, վերադարձրած 18 զինվորների հարցով չենք կարող դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան, բայց այլ հնարավորություններ կան. կարող ենք դիմել սկսած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հարյուրավոր անհատական դիմումներով:

«Բնականաբար միջազգային կառույցներին կարող ենք դիմել, բայց մեզ համար, կարևորագույն խնդիրն այս պահի դրությամբ նյութերի հավաքագրումն է: Մենք պետք է հետևողական լինենք, և ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստենք»: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էլինար Վարդանյանը:

 Ինչ վերաբերվում է 18 զինծառայողների նկատմամբ իրականացվող խոշտանգումներին՝ բանախոսների խոսքով փաստաթղթերում պետք է հստակեցվի, թե մահը կոնկրետ որ դեպքում է վրա հասել, իսկ այդ ինֆորմացիան ունենալու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ փորձաքննության արդյունքները: Այս մասին քննարկման ընթացքում միահամուռ եզրահանգման եկան ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, իրավաբան, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Ալիկ Ավետիսյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

 «Մարդու իրավունքների ոտնահարումներն իսկապես առկա են, և պետք է համանախագահներին իմաց տալ դրա մասին, որ իրենց առաջարկները՝ տարածքներ հանձնելը կամ ազատելը ընդունելի չէ  և  այն արգելված է, չպետք է թույլատրենք, որ այդպիսի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման առաջարկություններ անեն»,- նշեցին քննարկմանը մասնակցող բանախոսները: 

 Լարիսա Ալավերդյանը, ով որոշ ճանապարհ է անցել Մարաղայի հարցով ՄԱԿ-ի պատկան հանձնաժողովներին դիմելու հարցում, նշեց, որ «Արցախում պետք է մանրակրկիտ և մասնագիտացված փաստահավաք աշխատանք իրականացնել», ինչին թե՛ Հայաստանի , թե՛ Արցախի իրավաբանները միտված են:

Նա կարևոր  է համարում, որ ՄԱԿ-ն իր ունեցած մեխանիզմներով ու հանձնաժողովներով հատուկ զեկույցներ պատրաստի և Ադրբեջանի գործողություններին անդրադառնա:

 «Միջազգային սկզբունքներից մեկն այն է, որ եթե հանցագործությունը տեղի է ունեցել, պատասխանատվությունը և պատժամիջոցները պետք է վրա հասնեն»,-ասաց նա: 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին