Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կրակոցներից վիրավորված երեխաները կրկնակի վիրահատության են ենթարկվել. վիճակը մոտ է բավարարին

13 Ապրիլ, 2016 11:37
Հակառակորդի կրակոցներից վիրավորված երեխաները կրկնակի վիրահատության են ենթարկվել. վիճակը մոտ է բավարարին
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում շարունակվում է հակառակորդի կրակոցներից վիրավորված Գևորգ Գրիգորյանի ու Վարդան Անդրեասյանի բուժումը:
 
«Այս պահի դրությամբ երեխաների վիճակը մոտ է բավարարին, նրանք լավ են շարունակում են բուժում ստանալ»,-Shabat.am-ին փոխանցեց հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
 
Մարգարյանը փոխանցեց, որ երեխաները ենթարկվել են կրկնակի վիրահատման. «Առաջին վիրահատությունը կատարվել է ամսի 2-ին՝ ռմբակոծության առաջին օրը, իսկ երկրորդը՝ 6-7-ին, հիմա հետվիրահատական շրջան է»: 
 
Մեսրոպ Մարգարյանը տեղեկացրեց, որ երեխաները դուրս կգրվեն մոտ 10 օրից: «Մեզ մոտ պահելու ենք այնքան, մինչև այլևս խնդիրներ չլինեն, որ երեխաները ազատ-հանգիստ ման գան, հանկարծ խնդիրներ չառաջանան: Կգտվեն բժիշկների հսկողության ներքո»,-ասաց նա:
 
Հիշեցնենք, որ Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գեւորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
 
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաև հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։
 
Լուսանկարը՝ panarmenian.net-ի:
 

Լրահոս

Դիտել ավելին