Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն մի բան է ուզում, որ հանրաքվեն կայանա և հասարակություն ընդունի այն.Կարինե Աճեմյան

25 Հոկտեմբեր, 2015 15:15
ՀՀԿ-ն մի բան է ուզում, որ հանրաքվեն կայանա և հասարակություն ընդունի այն.Կարինե Աճեմյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով  սահմանադրական փոփոխությունների «այո» ու «ոչ»-ի քարոզարշավներին, ասաց, որ եղել են դեպքեր, երբ իրենց ընդդիմախոսները իրենց փաստարկները բերելիս հղում են արել արդեն հնացած դրույթների վրա, որոնք կա՛մ տեղ չեն գտել ԱԺ-ի կողմից քվեարկված տեքստում,  կա՛մ ձևափոխված են: Նա նաև նշեց, որ նորմալ չի համարում, որ «ոչ»-ի ճակատից այս գլխից խոսում են հանրաքվեի լեգիտիմության և կեղծիքների մասին:

 

-Տիկի՛ն Աճեմյան, հոկտեմբերի 10-ից տրված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ` իր «այո»-ի ու «ոչ»-ի ճակատներով: Ինչպե՞ս եք գնահատում քարոզչության ընթացքը:

 

-«Այո»-ի հիմնավորումները շատ խորն են, ընկալելի և ինքս այս օրերի ընթացքում արդեն հասցրել եմ նշել, որ շատ թույլ եմ համարում «ոչ»-ի հիմնավորումն այն առումով, որ դա պայմանավորվում է անձով, քաղաքական ուժով` Հանրապետականով: Այսինքն` ստացվում է այնպես, որ եթե Հանրապետականը չկազմակերպեր այդ քննարկումները, և, առհասարակ, այդ նախաձեռնությունը չլիներ իշխանությանը, իրենք այդքան կատաղի կերպով չէին պայքարի: Բայց, երևի, իրենք էլ իրենց ծրագրերը չունեն ... ես կողմ եմ, որ եթե քաղաքական ուժը, քաղաքական գործիչները բերում են հիմնավորումներ, փաստարկներ, դրանք պետք է վերաբերեն կոնկրետ բարեփոխումներին, այլ ոչ թե պարզապես քննադատեն, ինչպես միշտ անում են:

 

Ինչ վերաբերում է «այո»-ի ճակատին, այսինքն` այն քաղաքական ուժերի մեծամասնությանը, որոնք կողմ են, նորմալ, հիմնավորված մեկնաբանում են իրենց տեսակետները: Այս առումով ես կարևորում եմ նաև առաջիկայում հասարակության հետ աշխատանքը,որպեսզի մենք հասնենք հաջողությունների: Այսինքն` իրականում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի բան է ուզում, որ  հանրաքվեն կայանա, կայանա նորմալ, ազատ, թափանցիկ և հասարակությունն իր դերակատարությամբ ընդունի այդ գաղափարը: Այսինքն`մենք ամեն ինչ անելու ենք, որ քարոզարշավի ընթացքում հասարակության բոլոր շերտերին ամենայն մանրամասնությամբ իրազեկենք խնդիրներին:

 

-Հասարակության շրջանում անտարբերություն չե՞ք նկատում, ինչպես, առհասարակ, քաղաքական գործընթացների, հիմա էլ արդեն սահմանադրական փոփոխությունների հանդեպ:

 

-Վերջին այս ժամանակահատվածում արդեն, հակառակը, տեսնում եմ հետաքրքրություն, որովհետև շատ վայրերում, որտեղ ես` որպես պատգամավոր, ներկա եմ լինում, շատ հարցեր են հնչում, մտահոգություններ, և ես կարծում եմ, որ, այո,  որոշակի անվստահություն է ձևավորվել ընտրությունների, չէի ասի` հանրաքվեի, բայց, առհասարակ, ընտրությունների նկատմամբ: Իսկ դա հիմնականում արվում է հենց արմատական ընդդիմադիրների կողմից: Եվ ինքս համարում եմ, որ նախօրոք խոսել հանրաքվեի լեգիտիմության, կեղծիքների մասին, նորմալ չէ: Ինքս համարում եմ, որ մեր կուսակցությունն ունի այնքան քաղաքական կամք, որպեսզի կարողանա հանրաքվեն նորմալ և ազատ պայմաններում անցկացնի: Իսկ քարոզարշավն էլ հենց նրա համար է, որ հասարակության շրջանում անտարբեր մարդկանց զանգվածը քչանա: Այսինքն` այն մարդիկ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, այնուամենայնիվ, հասկանան, որ որպես քաղաքացի պետք է իրենց դիրքորոշումն ունենան և հստակորեն հայտնեն, որովհետև սա շատ կարևոր և գլոբալ փոփոխություն է, և որևէ մեկը չպետք է իրեն այդ հանրաքվեից դուրս չդասի կամ հեռու չմնա:

 

-«Ոչ» -ի ճակատի ձեր ընդդիմախոսները, բացի «իշխանության վերարտադրություն»-ից,   շատ են առաջ տանում դատական անկախության, այսինքն` դրա բացակայության, դատական համակարգի կախյալության հարցը: Մասնավորապես, որ ինչպես գործող Սահմանադրության, այնպես էլ այս փոփոխություններում չկան լուծումներ, որոնք կապահովեն դատական անկախությունը:

 

-Որևէ այլ փաստաթուղթ այդ` դատական անկախության այնպիսի հնարավորություն չի տալիս, ինչպես Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ես, պարզապես, այդ «ոչ» ասողներին կխնդրեի, որ ևս մեկ անգամ այն ընթերցեն, որովհետև, իրականում, այո՛, գործող համակարգում, կան շատ սահմանափակումներ, որոնց առկայության պարագայում, այո՛, հնարավոր է անվստահություն ունենալ դատական համակարգի նկատմամբ: Բայց այս փաստաթուղթը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ մեր դատական համակարգն ավելի անկախ լինի: Ես շփվելով ընդդիմադիրների հետ, մասնակցելով նրանց հետ ասուլիսների, երբեմն տեսել եմ, որ նրանք խոսում են հնացած դրույթների մասին, որոնք այլևս չկան, փոփոխված են: Այսինքն` ես կողմնակից եմ, որ բոլոր և՛ «այո», և՛ «ոչ» ասողները պարտադիր կարդան փաստաթուղթը և քննարկելիս իմանան` ինչ են քննարկում:

 

Իհարկե, մենք երբեք չենք բացառել, որ կլինեն ընդդիմախոսներ, ինչպես նաև հասարակությունում, ովքեր դեմ կլինեն այս համակարգին, բայց քարոզարշավը պետք է անցնի օրենքի շրջանակներում: Եվ այն, ինչ կատարվում է «ոչ»-ի ճակատում, նույնպես Սահմանադրության և օրենքի շրջանակներում է:

 

Լրահոս

Դիտել ավելին