Կարևոր իրադարձություններ

«Անշուշտ, մենք լսել ենք հայկական կողմի վերջին զեկույցները, որոնցում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման կամ զինվորների մարմինների խոշտանգման դեպքերին». Գերմանիայի դեսպան

12 Ապրիլ, 2016 16:06
«Անշուշտ, մենք լսել ենք հայկական կողմի վերջին զեկույցները, որոնցում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման կամ զինվորների մարմինների խոշտանգման դեպքերին». Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների զարգացման մասին զեկուցել է Գերմանիայի իշխանություններին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պարզել 4-օրյա պատերազմի ընթացքում, ի՞նչ է զեկուցել իր երկրի իշխանություններին, մասնավորապես, թե ով է եղել նախահարձակ կողմը, և արդյոք չի՞ կարծում, որ կոնֆլիկտը տարիներ շարունակվում է միջազգային հանրության կողմից՝ կողմերի նկատմամբ հավասար վերաբերմունքի պատճառով:

«Սա իմ հիմնական աշխատանքային թեման է եղել անցյալ ողջ շաբաթվա ընթացքում՝ սկսած շաբաթ օրվանից, երբ ծավալվեցին ռազմական գործողությունները: Ռազմական գործողությունների վերսկսումը, անշուշտ, հետքայլ է մինչ այժմ կատարված, խաղաղությանը և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերից: Այդ պատճառով էր, որ դաշնային արտգործնախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը, ով, ի դեպ, ղեկավարում է նաև ԵԱՀԿ նախագահությունը, անհապաղ զանգահարել է երկու երկրների արտգործնախարարներին՝ հորդորելով նրանց պահպանել զինադադարը: Մենք պետք է առաջ նայենք: Մեզ համար կարևորը, որ զինադադարը պահպանվի երկու կողմերում, և պատկերացնում եմ, որ նոր դինամիկա է առաջ եկել՝ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու հետ կապված: Բայց ես կրկնում եմ՝ կարևորագույնն այս պահին զինադադարի պահպանումն է»,- ասաց դեսպանը:

Հարցին, թե ինչո՞ւ կարևոր չէ արձանագրել, թե որ կողմն է նախահարձակ եղել, և ավելի հասցեական գնահատականներ հնչեցնել, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանեց. «Ես հիմնավոր տեղեկություններ չունեմ, թե ինչպես է ամեն ինչ զարգացել ապրիլի 2-ին: Ես ասացի այն, ինչ պետք է ասեի: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնց մենք ցուցաբերում ենք մեր անվերապահ աջակցությունը, արդեն իսկ եղել են Բաքվում, Լեռնային Ղարաբաղում և Երևանում, և պետք է սպասել, թե ինչպիսի եզրակացությունների կհանգեն նրանք հետագայում»:

Դիտարկմանը, որ հայտարարվել է 7 կետից բաղկացած փաստաթղթի մասին, դեսպանն արձագանքեց, որ գոյություն ունի ներքին փաստաղթուղթ, որը բաղկացած է 7 կետից. «Ես ասում եմ և նորից եմ կրկնում, որ զինադադարի պահպանումը կարևոր է, և հենց այս կետն այս ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այս ծրագիրը չի նախատեսում հակամարտության լուծման ճանապարհներ: Հակամարտության լուծման ճանապարհները լիարժեքորեն գտնվում են եռանախագահողների մանդատի ներքո»:

Իսկ հարցին՝արդյոք Գերմանիան չի՞ համարում, որ ժամանակն է՝ երկու երկրների միջև հավասարության նշանը հանելու համար, և արդյոք պետք չէ՞ Ադրբեջանին դիտարկել՝ որպես ագրեսոր, որը սպանում է խաղաղ բնակչությանը և գլխատում զինվորներին, Մաթիաս Քիսլերը պատասխանեց. «Անշուշտ, մենք լսել ենք հայկական կողմի վերջին զեկույցները, որոնցում անդրադարձ է կատարվում զինվորների գլխատման դեպքերին կամ զինվորների մարմինների խոշտանգման դեպքերին: ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է այդ զեկույցներին, սակայն ներկայում չկան դեռևս մշակված մեխանիզմներ՝ ինչպես շարժվել առաջ: Անձամբ ես, դեռևս այս պահի դրությամբ, ոչինչ ասել չեմ կարող»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին