Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագիրը

12 Ապրիլ, 2016 14:19
Քննարկվել է «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագիրը

 Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Հանրապետության փողոցից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածում գործող «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով կազմված նախագծային առաջարկների էսքիզային տարբերակներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում: 

 Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու խորհրդի նախագահի տեղակալ, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նիստի մասնակիցներին ներկայացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բարձրացված «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագրի նախնական հայեցակարգային մոտեցումները՝ ակնկալելով առաջարկներ և դիտարկումներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն: Ծրագրի նպատակն է ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչև Խանջյան փողոց՝ չխաթարելով «Վերնիսաժի» աշխատանքը: Նպատակը «Վերնիսաժը» ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է` տնտեսվարողների գործունեության կանոնակարգմամբ և զբոսաշրջության, հանգստի ու ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ սահմանելով: 
 Դիտարկելով խորհրդին ներկայացված առաջարկների տարբերակները՝ խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը և համաձայնել այն սկզբունքներին, ըստ որոնց այգու արդիականացման նախագծային նաև հաջորդ փուլերում նկատի են առնվելու տվյալ տարածքին առնչվող Երևանի կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները, ընդորում, տարածքում բացառվելու է քարե կամ բետոն որևէ հիմնական կառույցի առկայություն: Առաջարկվել է նաև զերծ մնալ կանաչ գոտիներում կոնստրուկցիաներ տեղադրելուց և դիտարկել նաև ուղղաձիգ կանաչապատման հնարավորությունը: 
 Արդիականացման շնորհիվ «Վերնիսաժը» կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կսալապատվի: Առաջիկա օրերին կշարունակվեն նաև հանրային լսումները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին