Կարևոր իրադարձություններ

Արցախի Գրողների միության դիմումը համանախագահներին

12 Ապրիլ, 2016 12:47
Արցախի Գրողների միության դիմումը համանախագահներին

Հարգարժան պարոնայք դեսպաններ

Շուտով կլրանա 22 տարին, ինչ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է զինադադար, որը 1995 թվականին ամրապնդվել է զորքերի շփման գծում ուժի կիրառումը բացառելու մասին լրացուցիչ համաձայնագրով:

Ապրիլի 2-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով նշված պայմանավորվածությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ձեռնարկել է ահաբեկչական հարձակում: Թիրախ են ընտրվել ոչ միայն Պաշտպանության բանակի  դիրքերը, այլեւ սահմանամերձ եւ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից գնդակահարվել, ապա դաժանագույն խոշտանգումների է ենթարկվել Խալափյանների ընտանիքը, դպրոցի ճանապարհին զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը:

Հարգարժան պարոնայք դեսպաններ,

Այս օրերին դուք տարածաշրջանում եք, փորձում եք գտնել հնարավորություն՝ իրավիճակը կայունացնելու եւ վերսկսելու բանակցությունները: Մենք ողջունում ենք խաղաղության հաստատման ձեր ջանքերը եւ բարձր գնահատում Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարությունները:

Այդուհանդերձ, մենք, որ գրչի մարդիկ ենք եւ խաղաղության, գթասրտության ու բարի կամքի դեսպաններ, չենք կարող չնկատել, որ միջազգային միջնորդությունը դեռեւս սպառիչ գնահատական չի տվել ինչպես 1991-94թ.թ. պատերազմին, այնպես էլ անցած մի քանի օրվա արյունահեղությանը:

Մենք չենք կարող չարձանագրել, որքան էլ դա ցավալի լինի, որ խաղաղության, ժողովուրդների արժանապատիվ համագործակցության, տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու եւ բարգավաճման հնարավորություն ստեղծելու մասին դիվանագիտական ձեւակերպումներից չի հետեւում, թե ի՞նչ ապագա է սպասում Արցախին եւ նրա ժողովրդին:

Լրացնելու համար այդ դիվանագիտական նրբանկատությամբ թողնված բացը, ուզում ենք նկատել տալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական անկախություն է հռչակել այն նույն իրավունքով՝ ինչ որ Ադրբեջանը եւ հետխորհրդային մյուս բոլոր երկրները:

Մենք չենք հիշեցնի պատմությունը, բայց կարձանագրենք, որ միջազգային իրավունքի տեսակետից հարգելի է այն պետության տարածքային ամբողջականությունը, որի իշխանությունը ներկայացնում է ամբողջ ժողովրդին եւ խտրական չէ քաղաքացիների հանդեպ՝ ըստ նրանց էթնիկական կամ դավանական պատկանելիության:

Ադրբեջանի գործող պետական կարգը կազմավորվել է, երբ ԽՍՀՄ փլուզման համատեքստում Արցախն արդեն անկախություն էր հռչակել, իսկ թե ինչ վերաբերմունք ունի Բաքվի ռեժիմը ազգությամբ հայերի հանդեպ, ապացույցների համար հեռու գնալ պետք չէ: Ապրիլի 2-ի ահաբեկչությունը, որի նպատակը ԼՂՀ խաղաղ բնակչության ոչնչացումը կամ առնվազը բռնատեղահանությունն էր, բավական է:

Հարգարժան պարոնայք դեսպաններ,

Արցախի ժողովուրդը պատերազմում հաստատել է պատմական հայրենիքում անկախ եւ ժողովրդավարական պետություն ունենալու իրավունքը: Այդ պետությունը կայացած է, արդյունավետորեն ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները: Մենք կառուցել ենք ազատ քաղաքացիական հասարակություն, զարգացնում ենք  մշակույթը, արվեստը, գիտությունը եւ դպրությունը: Մենք արժանապատիվ սերունդներ ենք դաստիարակել: Նրանք պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել ազատության եւ խաղաղ ապրելու իրենց իրավունքը:

Դիմելով ձեզ, մենք ոչինչ չենք խնդրում: Մենք պահանջում ենք հարգել մեր ժողովրդի ինքնորոշված կամքը: Մենք պահանջում ենք` ԼՂՀ անկախ պետականության միջազգային ճանաչում: Դեպի խաղաղություն եւ ժողովուրդների փոխըմբռնում միակ ճանապարհը դա է: Մեր ժողովուրդն այդ ճանապարհից չի շեղվելու:

 

Լրահոս

Դիտել ավելին