Կարևոր իրադարձություններ

Երևանում դեպի ՌԴ դեսպանատուն բողոքի երթ կանցկացվի՝ Բաքվին չզինելու պահանջով

12 Ապրիլ, 2016 11:58
Երևանում դեպի ՌԴ դեսպանատուն բողոքի երթ կանցկացվի՝ Բաքվին չզինելու պահանջով

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների ընթացքում Ռուսաստանի որդեգրած կեցվածքի ու ՌԴ կողմից Բաքվին զինելու փաստի դեմ Երևանում ապրիլի 13-ին բողոքի երթ կանցկացվի: Այն մեկնարկելու է ժամը 18:30-ին՝ Երևանի Ազատության հրապարակում, ու եզրափակվելու է ՌԴ դեսպանատան դիմաց: Ինչպես նշվում է երթը նախաձեռնողների հայտարարությունում, մասնակիցները պահանջելու են Ռուսաստանից կատարել ռազմաքաղաքական դաշնակցի իրպարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

«Տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ: Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց», - նշվում է հաղորդագրությունում:

«Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին», - ընդգծում են երթի կազմակերպիչները: Պահանջների չկատարման դեպքում, ինչպես նշում են մասնակիցները, «Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»:

 

Լրահոս

Դիտել ավելին