Կարևոր իրադարձություններ

Հեր ու տղա «մնաս բարով» արեցին, տղեն մտավ մարտական գործողությունների մեջ ու մինչև հիմա տեղեկություն չկա. անհետ կորած մեկ զինծառայողից 10 օր լուր չկա

12 Ապրիլ, 2016 11:33
Հեր ու տղա «մնաս բարով» արեցին, տղեն մտավ մարտական գործողությունների մեջ ու մինչև հիմա տեղեկություն չկա. անհետ կորած մեկ զինծառայողից 10 օր լուր չկա
Ինչպես հայտնի է, Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած, հայկական կողմին հանձնվել է 18 անհետ կորածների մարմինները, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում: Այսօր արդեն հայտնի է, որ խոսքը կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, ով Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է:
 
Արգիշտին 23 տարեկան է, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտը: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը: «Հայրը պայմանագրային է, ամսի 2-ին հայրը ծառայել է Քյալբաջարում, հերթափոխի ժամանակ տուն պետք է գային, այս գործողությունները սկսվեցին, նրանց տեղափոխեցին անմիջապես Մատաղիս: Հայրն այնտեղ հանդիպեց իր տղային, ամսի 2-ին հեր ու տղա «մնաս բարով» արեցին, տղեն մտավ մարտական գործողությունների մեջ ու մինչև հիմա տեղեկություն չկա»,-պատմեց գյուղապետը, հավելելով, որ հայրն այժմ շարունակում է ծառայությունը:
 
Գյուղապետը նշեց նաև, որ որ Արգիշտի Գաբոյանն ամուսնացած չէ:

Նշենք, որ ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների մարմինների փոխանակում: 

Հայկական կողմին է փոխանցվել 18, իսկ ադրբեջանական կողմին՝ 13 զոհված զինծառայողի մարմին, սակայն ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ մեր կողմը պաշտոնապես է 13 մարմին հանձնել, սակայն դա չի  նշանակում, որ հակառակորդի դիակները 13-ն են եղել: Առաջնագծում նաև հնարավորություն է ստեղծեվլ, որ մեր դիրքերի դիմաց ընկած մարմինները ևս հավաքվեն, որոնք տասնյակների են հասնում»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին