Կարևոր իրադարձություններ

«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

25 Հոկտեմբեր, 2015 13:20
«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ է համարում: «Ջազի սրբազան հրեշ» Գալիանոն կրկին Հայաստանում է`համերգներով հանդես գալու հայ երաժշտասերների առջև: Հոկտեմբերի 24-ին ճանաչված ակորդեոնահարը ելույթ է ունեցել «Մեցցո» ակումբում և համերգից հետո պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին:

 

Գալիանոն առաջին անգամ չէ Հայաստանում

 

Ես ինձ մի քիչ ճնշված եմ զգում, որովհետև միշտ չեմ կարողանում երկար ժամանակ մնալ այստեղ: Շատ կարճ ժամանակով եմ գալիս, փորձ անցկացնում ու համերգ ունենում: Առաջին անգամ եկել էի այստեղ իմ կնոջ հետ, մի քիչ երկար էինք մնացել, կարողացանք այցելել որոշ վայրեր: Հաջորդ անգամ արդեն Վահան Մարտիրոսյանի հետ (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր-խմբ.) մենք հույս ունենք նախագիծ անել և ներկայացնել հայկական երաժշտությունը, այդ թվում` Ազնավուրի գործերը: Հավանաբար, այս նախագիծը մեկ կամ 1,5 տարի հետո կլինի:

 

Համագործակցություն Շառլ Ազնավուրի հետ

 

30 տարի առաջ ձայնագրվել եմ Ազնավուրի հետ: Վերջերս ձեռքս ընկավ մի ձայնասկավառակ, որ 1983 թվականին էինք ստեղծել: Բայց մենք միշտ հանդիպել ենք մասնագիտական նպատակով: Նա իրոք մեծ պրոֆեսիոնալ է: Ես կարծում եմ, որ պետք է պատվել նրան, և հաջորդ տարի Ազնավուրի երաժշտությունը ներկայացնել:

 

Գալիանոն`«Ջազի սրբազան հրեշ» մականվան մասին

 

Ովքեր ինձ սիրում են`այդպես են անվանում, բայց միգուցե կան մարդիկ, ովքեր չեն հավանում, և հաստատ նրանք էլ ուրիշ անունով են կոչում ինձ:

 

Աստոր Պիացոլան ինձ շատ է օգնել

 

Ես Պիացոլայի աշակերտը չեմ եղել: Նա ինձ օգնել է, որ ես կարողանամ իրականացնել իմ նպատակները, որ իմ սեփական երաժշտությունը կարողանամ ստեղծել: Հետագայում ես Պիացոլայի հիշատակին նվիրեցի իմ գործերից:

 

Հայրս ակորդեոն էր նվագում..

 

Ես չեմ ընտրել ինձ համար երաժշտական գործիք: Տեսել եմ, թե ինչպես է հայրս ակորդեոն նվագում, երբ երեխա էի: Ես ուզում էի անել նույնը, ինչ որ նա էր անում:

 

...Շատ հրաշալի ակորդեոնահարներ կան այստեղ, աշխարհում: Միակ դժվարությունն այն է, որ բավական ծանր գործիք է` մոտ 13 կգ է կշռում: Բայց ես պետք է փորձեմ հաղթահարել (ժպտում է):

 

Հոկտեմբերի 25-ին  Գալիանոն համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ


Կարծում եմ, որ բավականին մեծ հանդիսատես կլինի: Ես պետք է նշեմ, որ փորձ եմ ունեցել երաժիշտների հետ, և այն հիանալի է անցել:

 

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար,Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոն  ծնվել է Ֆրանսիայում  1950-ին:  Դաշնամուր և  ակորդեոն սկսել է նվագել  4 տարեկանից:  Առաջին ուսուցիչը  հայրն էր` ակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն:  Այնուհետև  երաժշտական ուսումը շարունակել է  Նիցցայի կոնսերվատորիայում: Ուսմանը զուգահեռ մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների և  երկու տարի անընդմեջ` 1966-67 թվականներին այդ մրցույթներում  զբաղեցրել առաջին տեղը:1973-ին  Գալիանոն տեղափոխվում է Փարիզ և  մի քանի տարի համագործակցում Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես  դիրիժոր,  գործիքավորող և  կոմպոզիտոր: Համագործակցում  է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի  և  այլոց հետ: 1983-ին, Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ,   Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է  Կոմեդի Ֆրանսեզ, որտեղ  հանդես է  գալիս որպես բանդոներահար, այնուհետև նաև գործիքավորող  և կոմպոզիտոր:  1991-ին  Գալիանոն  ստեղծում  է   «նոր մյուզետ»  ոճը և այս ոճով ձայնագրում է ալբոմ:  

 

Լրահոս

Դիտել ավելին