Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ ցանկությունը մտահոգիչ է. Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությունը

11 Ապրիլ, 2016 22:06
Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ ցանկությունը մտահոգիչ է. Ռուսաստանի հայերի միությունը հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ` ծայրահեղ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին զենք վաճառելու մասին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների պատճառով:


«Ակնհայտ է, որ Ղարաբաղի նկատմամբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականցրել ռուսական հարձակողական տեխնիկայի կիրառմամբ:


Միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությունը` մի կողմից, և հատկապես Ռուսաստանի միջամտությունը` մյուս կողմից, ստիպել են ագրեսորին ապրիլի 5-ին գնալ հրադադարի հաստատման: Այդ օրերին ռուսաստանյան իշխանությունները ակտիվացրել էին իրենց ուժերը մարտական բախումները դադարեցնելու և բանակցային գործընթացի վերականգնման համար, ինչը դրականորեն է ընդունվել Հայաստանի և բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի կողմից:


Սակայն ՌԴ բազմադարյա դաշնակցի դեմ պատերազմող երկրին սպառազինման մատակարարումից Ռուսաստանի չհրաժարվելու ցանկությունը, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Ռուսաստանում և, ցավոք, հակառուսական տրամադրության պատճառ է դարձել Հայաստանում, մի երկրում, որը հետխորհրդային բոլոր տարիներին միակ պետությունն է եղել, որը չի դավաճանել Ռուսաստանի հուսալի ռազմական և քաղաքական դաշնակցի սկզբունքներին:


ՌԴ դիրքորոշումն առավել անհասկանալի է ՌԴ փոխվարչապետի հայտարարությունների ֆոնին առ այն, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ:  Հիշեցնենք, որ խաղալով Թուրքիայի հետ և նրա իրական էությունը չճանաչելու համառ ցանկությունը բերեցին նրան, որ Թուրքիան մեջքից «դանակով հարվածեց» Ռուսաստանին: Հայերի  հանդեպ 100 տարի առաջ ցեղասպանություն իրագործած այդ երկիրը այսօր էլ, չնայած շատ երկրների և միջազգային կազմակերպությունների դատապարտմանը, շարունակում է իր քաղաքականությունը:


Ադրբեջանը, ինչպես Թուրքիայի իրական դաշնակից, նույն քաղաքականությունն է վարում` ազգային հերոսների շարքին դասելով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի իր համակուրսեցի հայ սպային քնած ժամանակ կացնահարած զինվորականին:


Կարծում ենք, որ ներկայիս խաղերը Ադրբեջանի հետ  կարող է հանգեցնել նրան, որ վերջինս, իր իսկական դաշնակցին հետևելով, կարող է մեջքից դանակով հարվածել Ռուսաստանին, միայն այն տարբերությամբ, որ դա կլինի Ռուսաստանի կողմից իրեն վաճառված «դանակը»:


Հայաստանին և Ռուսաստանին կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները, այլև բազմադարյա եղբայրական զգացմունքները, որոնք փորձված են ժամանակով և փորձություններով: Հենց այդ անկեղծ հարաբերությունների հիմքով էլ հայ համայնքը կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության պայմանագրին (հոդված 1-ի համաձայն` անդամ պետությունները չպետք է մասնակցեն մեկ այլ անդամ պետության դեմ ուղղված գործողություններին կամ դաշինքներին), այլև քաղաքականության մեջ ղեկավարվել բարոյականության և արդարության նորմերով:


Վստահ ենք, որ արդարությունը լավագույն քաղաքականությունն է Ռուսաստանի համար. միայն արդար լինելով մյուսների, առավել ևս իր դաշնակիցների հանդեպ, Ռուսաստանը կարող է ակնկալել, որ իրեն վերաբերվեն որպես միջազգային տերության, որն այսօր աշխարհի շատ ժողովրդների համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության դիմակայության  խորհրադանիշ»:

 

Լրահոս

Դիտել ավելին