Կարևոր իրադարձություններ

ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակին

11 Ապրիլ, 2016 19:55
ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ․ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ՝ հերթական անգամ կոպտորեն խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու հիմնարար սկզբունքը:


Նախագահ Սարգսյանն այս իրավիճակում էլ ավելի է կարևորել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի՝ որպես միջազգային անվտանգության և խաղաղության պահպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը տարածաշրջանում: ՀՀ Նախագահի խոսքով, Ջեֆֆրի Ֆելթմանի այցը Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն կընձեռի հանդիպումների արդյունքում հստակ և ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին:


Ջեֆֆրի Ֆելթմանը, նշելով, որ ՄԱԿ-ը հանդիսանում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարումը որպես խաղաղ կարգավորման համաձայնեցված ձևաչափ:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: Ջեֆֆրի Ֆելթմանը նշել է, որ ՄԱԿ-ում կարևորում են այն դերը, որ կատարում է Հայաստանը Կազմակերպությունում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և սկզբունքների իրագործման գործում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը: Հայաստան-ՄԱԿ համագործակցության համատեքստում կողմերը կարևորել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, որպես համագործակցության լավ օրինակ:

 

Լրահոս

Դիտել ավելին