Կարևոր իրադարձություններ

Մտածել էի, որ եթե տղա ծնվի, մեր ազգի հերոսներից մեկի անունը կդնեմ. Գյումրիում նորածնին կոչել են Արցախում զոհված զինծառայողի անունով

11 Ապրիլ, 2016 18:33
Մտածել էի, որ եթե տղա ծնվի, մեր ազգի հերոսներից մեկի անունը կդնեմ. Գյումրիում նորածնին կոչել են Արցախում զոհված զինծառայողի անունով

Այս օրերին Հայաստանի բոլոր մայրերը ամեն րոպե լուրի են սպասում սահմանից: Ու կապ չունի, թե ում որդին է բանակում, նրանք բոլորը մերն են ու հայրենիքն էլ աղոթում է մոր պես իր յուրաքանչյուր զինվորի համար:

Մեր հայրենիքի մի անկյունում էլ մի մայր լույս աշխարհ է բերում մի ապագա զինվորի: Գյումրու ծննդատանը ապրիլի 10-ին լույս աշխարհ եկած արու զավակին ծնողները կոչել են Տիգրան՝ ի պատիվ Ջեբրայիլում զոհված քաջ նահատակի:

Նորածին Տիգրանի ծնողները Շիրակի մարզի Քեթի գյուղից են: Տիգրանը Խաչատրյանների ընտանիքում երրորդ զավակն է: Փոքրիկն իր անունը ստացել ի պատիվ 20-ամյա Տիգրանի, ով անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկի մեջ, «անողոք, անզիջում կռիվ է մղել» իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել:

Երեխայի անվան ընտրությունը կայացրել է հայրը՝ Ռոման Խաչատրյանը, ով Shabat.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք նախօրոք չեն իմացել երեխայի սեռի մասին:

«Բայց ես մտածել էի, որ եթե տղա ծնվի, մեր ազգային հերոսներից մեկի անունը պետք է դնեմ: Գյումրիի մեր հերոսի՝ Տիգրանի պատմությունից հետո որոշեցի երեխայիս անունը իր պատվին Տիգրան դնել»,-նշեց երեխայի հայրը:

Խաչատրյանները հերոսին չեն ճանաչել, պարզապես լսել են նրա հերոսության մասին ու մեծ սրտի մեծ ու անկեղծ ցանկությամբ որոշել շարունակել հերոսի անունը: Նորաթուխ, բայցև փորձառու հայրիկի միակ երազանքն այն է, որ որդին ապագայում ազգին պիտանի մարդ դառնա, նրանով հպարտանան: 

«Ցանկանում եմ,որ բոլորի ընտանիքներում լինի այդ ուրախությունը»,-ասաց Ռոման Խաչատրյանը:

Լուսանկարը՝ Armenpess

 

 

Լրահոս

Դիտել ավելին