Կարևոր իրադարձություններ

Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է

11 Ապրիլ, 2016 17:26
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է

Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է, որ օֆշորային սխեմաների միջոցով հարկերից խուսափելու պրակտիկան բացառապես իր երկրի խնդիրը չէ, այլ վերաբերում է ողջ աշխարհի հանրությանը, որը պետք է շտապ լուծում գտնի, և պանամական իշխանությունները պատրաստ են ստանձնել այդ գործընթացում առաջնորդությունը, գրում է РИА Новости-ն։

 

«Նրանց (Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը) անարդարացիորեն անվանում են «պանամական փաստաթղթեր», որովհետև այդ փաստաթղթերի ողջ զանգվածը պատկանում է մի իրավաբանական ընկերության, որը գտնվում է Պանամայում։ Բայց հարկերից խուսափելու խնդիրը գոյություն ունի ողջ աշխարհում»,- գրել է Պանամայի առաջնորդը The New York Times-ում:

 

Նրա խոսքով՝ Պանաման արժանի չէ նրան, որ միայնակ արդարանա շատ երկրների վերաբերող խնդրի համար, բայց պատրաստ է ստանձնել դրա կարգավորման պատասխանատվությունը։

 

«Աշխարհը պետք է նախաձեռնի խնդրի լուծումը կոլեկտիվ և անհապաղ կերպով, և Պանաման պատրաստ է բոլորին իր հետևից տանել»,- հավելել է Վարելան։

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին