Կարևոր իրադարձություններ

Նաիրա Կարապետյանը՝ ԼՂ պատերազմի դիվանագիտական ճակատի մասին

11 Ապրիլ, 2016 17:07
Նաիրա Կարապետյանը՝ ԼՂ պատերազմի դիվանագիտական ճակատի մասին

ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը հոդված է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գում ընթացող պատերազմի դիվանագիտական ճակատի մասին: Այս մասին տեղեկացնում են Նաիրա Կարապետյանի աշխատակզմից:

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Եվս մեկ անգամ խոնարվելով մեր ազգի թիվ մեկ պարծանքի և հպարտության՝ հայ զինվորի առջև, ուզում եմ 2 խոսքով կիսվել պայքարի մեկ այլ փուլի՝ դիվանագիտականի մասին։ Ընկերներիցս շատերն այս օրերին արտահայտվել են այս թեմայով, բայց քանի որ հարցն ինձ էլ անտարբեր չի թողնում, և քանի որ շատերից ավելի լավ եմ ծանոթ այդ ոլորտին, ցանկացա անդրադառնալ արտաքին գործերի աշխատանքին:

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում:

Եվ ուրեմն.

- Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել՝ ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ։

- Արտերկրում մեր բացառապես բոլոր դեսպանություններն իրադարձությունների առաջին ժամերից 24 ժամյա նոն-ստոպ ռեժիմով աշխատել են դեպքերի օբյեկտիվ զարգացումներն իրենց մայրաքաղաքներում ներկայացնելու ուղղությամբ:

- Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից: Եվ նրանց հաջողվել է սակավ ռեսուրսներով գերազանց հակազդում ապահովել հառակակորդի լուրջ ֆինանսավորում ստացող մեծաթիվ տեղեկատվական խմբերին:

- Հետաքրքիր է ի՞նչ են պատկերացնում շատերը «ավելի ակտիվ լինել» արտահայտության տակ: Կարևոր է շատ հստակ հասկանալ, որ եթե մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ ես, կամ բրուտ-ատաղձագործ, ապա հավանականությունը, որ մեր դիվանագիտության անելիքների վերաբերյալ ավելի ճիշտ մոտեցումներ ունես, քան ոլորտի պրոֆեսիոնալները, զրոյական է:

- Եվ իրոք, դիվանագետի աշխատանքն ամենաանշնորհակալներից է: Եթե մեր զինվորների սխրանքներին տեղում ենք իրազեկվում ու հպատրանում դրանցով, ապա դիվանագետների աշխատանքը դրական է հենց այն ժամանակ, երբ այն հնարավորինս անտեսանելի է արվում: Ինչքան էլ շատ բարձրագոչների դուրը չգա, բայց այս դաշտում չունենք աջուձախ PR-վողներ, այլ անձնվիրաբար ու լուռ իրենց աշխատանքն անող մասնագետներ: Ասեմ ավելին՝ վտանգավոր է բարձրաձայներ դիվանագիտական աշխատանքների մադին, վտանգավոր է։

Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով:

Ուրեմն եկեք մեզ դուր չեկող երևույթների համար քարկոծման օբյետկներ չփնտրենք ինքներս մեր մեջ: Հատկապես այս շրջանում շատ կարևոր է դադարել ներքին թշնամիներ փնտրելը: Դա ում ասես ձեռնտու է, բայց ոչ մեզ:

Արտաքին ոլորտում աշխատողների շուրջ հիմա ևս պետք է համախմբվել. թե ԱԳՆ, թե խորհրդարանական դիվանագիտական հարթակներում և թե Սփյուռքի մեր կառույցների աշխատանքներում։ Սա ևս մեկ ճակատ է այդ նույն նենգ թշնամու դեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին