Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները

11 Ապրիլ, 2016 16:25
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
 Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Էրեբունի վարչական շրջանները: Մարտ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նուբարաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

 Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: 2016թ.-ի առաջին եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
 Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք: 
 Առանձնակի կարևորելով բնակիչների հետ մշտական կապի ապահովումը՝ քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա շրջայցեր իրականացնել մայրաքաղաքում և տեղում ծանոթանալ բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին: 
 Խորհրդակցության շրջանակում ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ.-ի մարտ ամսվա գնահատման արդյունքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչությունների ու բաժինների պետերին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել փաստաթղթաշրջանառությանը, բնակիչների ընդունելությունների կազմակերպմանն ու այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին ժամանակին ու սպառիչ պատասխաններ տրամադրելուն:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին