Կարևոր իրադարձություններ

G7-ի արտգործնախարարները կողմ են արտահայտվել Ասադի հրաժարականին

11 Ապրիլ, 2016 16:14
G7-ի արտգործնախարարները կողմ են արտահայտվել Ասադի հրաժարականին

«Մեծ յոթյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց դիրքորոշումը, որը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարական։ Այս մասին ասվում է Հիրոսիմայում անցկացված հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Սիրիան նոր կառավարության խիստ կարիք ունի, որը կներկայացնի Սիրիայում բոլոր համայնքները և կկարողանա պաշտպանել ժողովրդին, պայքարել ահաբեկչության դեմ և վերակառուցել Սիրիան»,- նշվում է փաստաթղթում։

Հանդիպման մասնակիցները ողջ միջազգային հանրությանը կոչ են արել իրագործել ՄԱԿ ԱԽ բանաձևերը, այդ թվում՝ բոլոր կողմերին մարդասիրական օգնության անվտանգ, արագ ու անարգել հասանելիության վերաբերյալ։ Նախարարները վստահեցրել են, որ աշխատում են երկարաժամկետ և կայուն հետհակամարտային կայունացման և Սիրիայի վերականգնման ուղղությամբ։

«Յոթյակը» լուրջ մտահոգություն է ունեցել՝ կապված ՔԶԱԿ-ի եզրակացությունների հետ, որ Սիրիայում 2015 թվականի ընթացքում քիմիական զենք է կիրառվել։

Այս շաբաթ Ժնևում սկսվում է միջսիրիական բանակցությունների հերթական ռաունդը, որի՝ տարաձայնություններ առաջացնող հարցերից մեկը Բաշար Ասադի ճակատագիրն է։

 

Լրահոս

Դիտել ավելին