Կարևոր իրադարձություններ

«Սա աշխարհաքաղաքականություն է»

11 Ապրիլ, 2016 15:26
«Սա աշխարհաքաղաքականություն է»

Ով չի ծուլանում, հիմա էլ ռուսական «դավաճանությունից» է խոսում: Tert.am-ին հարցազրույցում ռուսաստանցի վերլուծաբան Դուբնովը հարցնում է. «Իսկ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը ի՞նչ պարտավորություն է խախտում»: Դուբնովը խնդրում է հղում անել Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին, որից հետո կարող է պատասխանել կամ չպատասխանել լրագրողի հարցադրմանը: Ռուսաստանը, այո, Ադրբեջանին իր «եղբայրական գրկից» բաց չթողնելու խնդիր է լուծում: Եւ միամտություն է ասել, որ թուրքերը միշտ նրան հարվածել են թիկունքից, կհարվածեն նաեւ ապագայում: Դա Ռուսաստանի խնդիրն է, ինչո՞ւ ենք նաեւ նրա հոգսը վերցնում մեր ուսերին: Ուղղակի չհիասթափվելու համար չպետք է հուսավառվել: Երբ Թուրքիան կործանեց ռուսաստանյան ռմբակոծիչը, որոշակի շրջանակներ եւ դրանց սպասարկու հաստիքային մեկնաբանները տեսլական էին գեներացնում, թե Ռուսաստանը կվերանայի Անկարայի հետ իրավապայմանագրային հարաբերությունները, կչեղարկի Մոսկվայի պայմանագիրը, կքրեականացնի ցեղասպանության ժխտումը: Մի խոսքով՝ «կհաստատի պատմական արդարությունը»: Ռուսաստանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը ոչ թե վերլուծական է կամ կանխատեսական, այլ բացառապես էմոցիոնալ: Կարծես թե Մոսկվան որեւէ տեղ խոստացած է եղել, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Կասպից ծովի ռազմանավերից կթիրախավորի Բաքուն, Դաղստանից էլ բանակ կշարժի եւ ագրեսորին կպարտադրի անվերապահ կապիտուլյացիա, բայց երդմնազանց է եղել, արժանի է պարսավանքի: Տարեսկզբի հոդվածներից մեկում ասել էի, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցության բանալին Ադրբեջանում է: 1920թ-ի ապրիլի 28-ին Մուստաֆա Քեմալի ցուցումով Բաքվում իշխանությունը հանձնվեց «տեղացի մուսուլման կոմունիստներին»: Նույն տարվա դեկտեմբերի 2-ին տապալվեց Հայաստանը, 1921թ-ի փետրվարի 25-ին՝ Վրաստանը: Կովկասում հաստատվեց ռուսական միանձնյա ազդեցություն: Այսօր եթե Ադրբեջանը բացի դռները, ընդունի Ռուսաստանի հովանավորությունը, ապա շղթան վերստին կփակվի: Վրաստանում իշխանափոխությունը Մոսկվայի համար «տեխնիկայի» հարց է: 1920-ին բոլշեւիկյան Ռուսաստանն ուներ «պրոլետարական հեղափոխությունը դեպի Արեւելք տարածելու» նպատակադրվածություն, այսօրվա Ռուսաստանը ձգտում է ամրանալ Սեւ-Կասպիցծովյան սուբռեգիոնում, որպեսզի իր արմատական շահերը պաշտպանի Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: «Սա աշխարհաքաղաքականություն է»,- հայ լրագրողին գուցե թե չթաքցրած հեգնանքով բացատրում է Դուբնովը: Ի՞նչ է նշանակում՝ «սա աշխարհաքաղաքականություն է»: Պատասխանի համար հեռու գնալ պետք չէ. օրինակը մեզնից հեռու է ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր՝ Սիրիան, որտեղ հարյուր հազարավորները զոհվել, միլիոնավորները դարձել են փախստական, իսկ ողբերգության վարագույրն այդպես էլ չի իջնում: Որովհետեւ «հանդիսատես» գերտերությունները հաճույքից ձեռքերն են շփում՝ արձանագրելով մեկը մյուսի վրիպումը… «Սա աշխարհաքաղաքականություն է»,- շատ հստակ եւ սառնասրտորեն է ասված: Ժամանակն է, որ մենք օտար փորձագետների խոսքին լուրջ վերաբերվենք: Ոչ թե զայրանանք, երբ մեզ համար տհաճ բաներ են ասում եւ, ընդհակառակը, հուսավառվենք, եթե նրանք բուն ասելիքը «համեմում են» դոզավորված հակաթյուրքականությամբ, այլ փորձենք հասկանալ գլխավոր միտքը, հիմնական ձեւակերպումը: Դուբնովի գլխավոր միտքը «սա աշխարհաքաղաքականություն է» շեշտադրումն է: Սպառնալի՞ք է, զգուշացո՞ւմ: Իսկ գուցե խորհո՞ւրդ է, որպեսզի մենք, ի վերջո, ձերբազատվենք պատրանքներից: Իրականությունը, որքան էլ դաժան լինի, հաղթահարելի է, եթե պատրանքներ չկան, չկա անիմաստ սպասում, արդարացի հատուցման ակնկալիք, միջազգային հասցեական գնահատականի իդեա ֆիքս: Հայտնի է արտահայտությունը՝ լեզուն տրված է դիվանագետին, որպեսզի թաքցնի մտքերը: Պետք է ստեղծվի մտքեր թաքցնող լեզու: Բայց դա լիովին բավարար չէ: Հարկ է ունենալ նաեւ թաքցվող մտքերը կարդացող եւ վերծանող լեզու… Իսկ հուսավառվել, հիասթափվել եւ անհավասարակշիռ որոշում կարող է ընդունել անհատը: Ժողովրդին դա հակացուցված է… 

 

Լրահոս

Դիտել ավելին