Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408
    422

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

Լատվիացի խորհրդարանականը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

11 Ապրիլ, 2016 12:40
Լատվիացի խորհրդարանականը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ՝ ահաբեկչական քայլեր կատարելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Թուրքիայի իշխանություններն անթաքույց են խոսում Ադրբեջանին աջակցելու և պաշտպանելու մասին:

Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելը, քանի որ մեր պետությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է իրացնելու ինքնորոշման իր իրավունքը: Նա հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, և միջազգային հանրությունը կհասկանա, որ մարդկային կյանքն ավելին է, քան զենքը և գումարը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբ աշխարհում խոսեն օրենքները, զենքերը կլռեն, և կվերականգնվի պատմական արդարությունը:

Սերգեյ Պոտապկինն իր խոսքում նշել է, որ հակամարտության սրացման ընթացքում որոշել է այցելել Հայաստան և ծանոթանալ իրավիճակին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի իրական պատկերը, ոչ թե ծանոթանա դրան մամուլից: Լատվիացի պատգամավորի խոսքով՝ անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը: Այս առումով խաղաղության վերահաստատումն առաջնահերթ խնդիր է, և հակամարտության սրացումները չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Հիշեցնենք, որ առավոտյան լինելով Եռաբլուր պանթեոնում՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ տպավորված է և կիսում է վերջին օրերին զոհված զինվորականների հարազատների ծանր վիշտը:

Նույն օրը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Սերգեյ Պոտապկինը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

 

Լրահոս

Դիտել ավելին