Կարևոր իրադարձություններ

«Մինչև Ալիկիցս տեղեկություն չստանամ՝ ստեղից տեղ չեմ գնալու». հայրը սպասում է որդուն

09 Ապրիլ, 2016 21:59
«Մինչև Ալիկիցս տեղեկություն չստանամ՝ ստեղից տեղ չեմ գնալու». հայրը սպասում է որդուն

Ապրիլի 7-ին Ջեբրաիլում գտնվող զինվորական հոսպիտալում հանդիպեցինք Գյումրիի բնակիչ (Աթարբեկյան 53) Գևորգ Առաքելյանին: Ժամանակին զինվորական (ենթասպա) եղած տղամարդը հեկեկում էր… Թերևս, դա իմ կյանքի ամենածանր հարցազրույցներից մեկն էր… Չգիտես՝ հարցե՞ր տաս, թե՞ լռես… Ծանր է տեսնել անորոշության մեջ կծկված՝ հեկեկացող, որդու մասին լուր սպասող հորը:

Գևորգ Առաքելյանի որդին՝ փոխգնդապետ Ալեքսան (Ալիկ) Առաքելյանը, իր հինգ ընկերների հետ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ մարտերից հետո անհետացել է: Մինչ օրս որևէ լուր չկա Ալիկի և նրա ընկերների մասին:

Ալեքսան Առաքելյանը 2004թ. ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայության է եղել Լեռնային Ղարաբաղում: Սկզբում դասակի հրամանատար էր նշանակվել: 2014թ. սովորել է ռազմական ակադեմիայում, որից հետո մի քանի ամիս ծառայել է Վարդենիսի երկրորդ կորպուսում՝ որպես ծառայության պետ: Երկու-երեք ամիս ծառայելուց հետո, այնուամենայնիվ, որոշել է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, Ջեբրաիլ, ուր հրամանատարի՝ մարտական գծով առաջին տեղակալ էր նշանակվել: «Իրեն ստեղ էր ձգում… Նախարարի (ՀՀ ՊՆ) մոտ հարցազրույցի գնաց, ուրախացած էկավ-փաթաթվեց ինձ, պաչեց, ասեց՝ Գև ջան, էլի կերթամ իմ երկիրը… Ասեցի՝ քուկդ վայեվատ արել ես, ասեց՝ չէ…»,- պատմում էր հայրը:

Gevorg Araqelyan (2)

Գյումեցի Ալեքսան Առաքելյանը Լեռնային Ղարաբաղն էր համարում իր երկիրը: Եթե նույնիսկ մնար Գյումրիում՝ տուն չուներ: Ամիսներ առաջ այդ հարցով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին. նախարարությունից ոմն Շիրինյանի հանձնարարվել է գրի առնել խնդրանքը: Իրերը Ջեբրաիլ տեղափոխելու համար պարտքով գումար՝ 140.000 դրամ է վերցնում և ընտանիքի հետ տեղափոխվում է ԼՂ ծառայության:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջեբրաիլի շրջանում ամենաթեժ մարտերն են տեղի ունեցել: Հակառակորդը կիրառել է «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր («Կամիկաձե») ու այլ ժամանակակից զինտեխնիկա, իսկ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որը հայկական կողմը ոչնչացրել էր:

Հայրը դեպքի մասին շատ բան չգիտեր.

«Առավոտը 05:30 կռիվը որ եղել է՝ հինգ հոգով՝ տեղակալներով, «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնացել են N դիրք՝ ընկերներին օգնելու: Մենակ գիտեմ, որ Ալիկը վարորդին է զանգել, ասել ա՝ «Աշոտ, հասի, վիրավոր եմ…»: Էդքան բան գիտեմ: Գնացել են ընկերներին օգնելու: Երևի բոյի մեջ են մտել, բայց էդ դիրքն արդեն գրավված ա էղել, թուրքինն ա էղել: Հիմա ոչ մի տեղեկություն չունեմ: Ում էլ կհարցնեմ՝ մարդիկ չեն կարող ստույգ պատասխան տալ»,-պատմեց Գևորգ Առաքելյանը: Նրա խոսքով՝ Ալեքսանը և ընկերները մտածել են՝ ադրբեջանական կողմից հերթական դիվերսիան է:

Gevorg Araqelyan (1)

Նա հույսը չի կորցնում, որ որդուն կգտնեն ողջ-առողջ: «Որպես հայր՝ տրամադրությունս մինչև հիմա չեմ գցել, ինչ-որ մի հատ հույսի աղբյուր ունեմ: Իմ ինտուիցիաս հուշում ա, որ Ալիկը… ողջ մնալու համար հույսերս դեռ չեմ կորցրել»,- հեկեկալով ասում է հրամանատարի տեղակալի հայրը: Թոռնիկին տեղափոխել են Գյումրի, սակայն Ալեքսանի կինը չի համաձայնել գնալ: Ջեբրաիլում սպասում է ամուսնուն: Ալեքսանի 2-րդ դասարանում սովորող դուստրը և մայրը դեռ չգիտեն նրա հետ պատահածի մասին:

«Մայրը իմանա՝ չի ապրի, հիվանդ ա»,- ասում է հայրը, որի մյուս որդին ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում:

Ապրիլի 8-ից Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հետագայում դիակների փոխանակում իրականացվի: Գևորգ Առաքելյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով՝ Կարմիր խաչը ոչ մի մասնիկ չի գտել, բայց փոխանակումը հավանաբար կլինի վաղը: Նա դեռ հույսը չի կորցրել, որ որդին ողջ է, և, որ դեռ գրկելու է նրան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Աղբյուրը `168.am

 

Լրահոս

Դիտել ավելին