Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգվում է. տարհանված բնակչության մի մասը վերադարձել է

09 Ապրիլ, 2016 21:50
Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգվում է. տարհանված բնակչության մի մասը վերադարձել է

Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: Արցախում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Մատաղիս գյուղ, հետևել է ընթացող վերականգնողական աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:


Մատաղիսի միջնակարգ դպրոցի տնօրեն, այս պահին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տարհանված բնակչության մի մասն արդեն վերադարձել է գյուղ: «Նույնիսկ կանայք են սկսել վերադառնալ: Այս պահին արդեն 7-8 կին վերադարձել է: Մարդիկ կամաց-կամաց վերադառնում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ հակառակորդը նորից կսկսի ռմբակոծել գյուղը, բայց մեր հողն ու ջուրն է, մենք պետք է այստեղ լինենք»,- նշեց նա:


Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես ստանձնել է նաև գյուղապետի պարտականությունները, քանի որ Մատաղիսի գյուղապետը հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորվել է ու բուժվում է Ստեփանակերտում, պատմեց, որ ռմբակոծությունից հետո գյուղում էլեկտրականություն չկար, սակայն արդեն երեք օր է, ինչ էլեկտրականությունը վերականգնվել է:


Հակառակորդի  կողմից գնդակոծության հետևանքով վնասվել է նաև դպրոցի շենքը: Գեղամ Աղաջանյանը նկատեց, որ այս պահին դպրոցի շենքի վերականգման աշխատանքներն են սկսել՝ վստահեցնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն: «Աշխատանքն արդեն սկսել ենք: Լավ սկիզբը գործի կեսն է: Ամենաշատը երեք օրվա ընթացքում այս աշխատանքները կավարտենք ու պատրաստ կլինենք դասերը սկսելուն»,- ասաց Գեղամ Աղաջանյանը:


Մատաղիսում այս պահի դրությամբ 45 մարդ է բնակվում: Գյուղի ընդհանուր բնակչության թիվը՝ ժամանակավոր բնակչության հետ միասին 600 է:


Մատաղիսի բնակիչ Շահեն Սահինյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը երբեք գյուղը չի լքել ու չի էլ պատրաստվում լքել: «Ես մասնակցել եմ արցախյան ազատամարտին, միշտ եղել եմ Արցախում: Այս ծանր օրերին չեմ լքել հարազատ գյուղս ու չեմ էլ լքելու: Սա մեր հողն ու ջուրն է, այստեղից գնալու տեղ չունենք, հակառակորդին էլ թույլ չենք տալու մեկ մետր անգամ առաջ գալ»,- ասաց Շահեն Սահինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին