Կարևոր իրադարձություններ

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևով և առանց պաշտոնական Ստեփանակերտի»

25 Հոկտեմբեր, 2015 11:05
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևով և առանց պաշտոնական Ստեփանակերտի»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների հետագա օրակարգը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցից: Այդ մասին օրեր առաջ Կոստա-Ռիկայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Համանախագահների այցը տարածաշրջան նախատեսված է հոկտեմբերի 26-28-ին: Նախատեսվող այցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, ի՞նչ ակնկալիքներ կան Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցից։

– Ցանկացած այդպիսի այցելություն մենք կարևորում ենք, որովհետև սա նախևառաջ խաղաղ կարգավորման մի բաղադրիչ է։ Թեկուզ հարաբերական, բայց խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է։ Քննարկվող հարցերի հետ կապված կարող եմ ասել, որ միշտ էլ քննարկվում են երկու տիպի հարցեր՝ տարածաշրջանում, սահմանում ընթացիկ իրավիճակը, խախտումների քանակը, կարգավորման հետ կապված հարցեր և այլն։

– Կարո՞ղ ենք հույս ունենալ,  որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է լինել ինչ-որ փաստաթղթային շրջադարձ։

– Մենք կարծում ենք, որ կարևոր է ստորագրել ինչ-որ փաստաթուղթ՝ խախտումների վերաբերյալ, նրանց պատասխանատվության կանչելու մեխանիզմների վերաբերյալ։ Սա ամենառեալ տարբերակն է։ Ինչ վերաբերում է ընդհանուր բանակցային գործընթացի վերջնական կարգավորման հետ կապված փաստաթղթի ստորագրմանը, ապա սա շատ վաղաժամ է, մենք պատրաստ չենք և գտնվում ենք կարգավորման ամենասկզբնական փուլում։

– Համանախագահների այցի նպատակներից մեկն է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա դա բանակցային գործընթացին։

– Հարկավոր է, որպեսզի նախևառաջ գործընթացը շարունակվի, որը գտնվում է գրեթե փակուղային վիճակում։ Այս գործընթացը չպետք է կանգնի, մենք սա հասկանում ենք, և սա հայկական կողմերի կառուցողականության ամենամեծ դրսևորումներից է։ Մենք նախընտրելի ենք համարում բանակցային գործընթացի շարունակությունը, քան դրանց վերջնական տապալումը։ Այդ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվում խաղաղության պահպանման համար։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, բայց ակնկալել, որ կլինի վերջնական կարգավորում, նամանավանդ, որ Ադրբեջանում չի դադարում հակահայկական քարոզչությունը, անհնար է։

– Ստացվում է՝ ունենք մի իրավիճակ, որ նույնիսկ չենք կարողանում ստիպել Ադրբեջանին հրադադարի ռեժիմը չխախտել, էլ չեմ խոսում Մադրիդյան սկզբունքների մասին։ Այսինքն՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սահմանափակվում է միայն հրադադարի ռեժիմը չխախտելու վերաբերյալ բանակցություններո՞վ։

– Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչքան էլ որ տարբեր սկզբունքներ գործեն կամ չգործեն, մինչև չլինի պատասխանատվություն և պատրաստակամություն Ադրբեջանի կողմից, որևէ բան չի լինելու։ Իսկ սկզբունքները լոկ սկզբունքներ են։ Այդտեղ դրված են և հայկական կողմի համար կարևոր սկզբունքներ և ադրբեջանական, սա բնական է։ Բայց այդ սկզբունքները չեն նշանակում, որ ինչ պայմանավորվածություն կա, պետք է կյանքի կոչվի։ Ո՛չ, սա սկզբունքներ են, որոնց շուրջ ընթանում են բնակցություններ, այն էլ՝ խեղաթյուրված ձևաչափով, առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության։ Մինչև վերջնական կարգավորումը, շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, պետք է կարգավորենք ռազմական, տեխնիկական խնդիրներ։

 

Լրահոս

Դիտել ավելին