Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության հարցում ԵՄ-ն չի կարող մնալ պասիվ դիտորդի դերում. ԵՄ փորձագետներ

09 Ապրիլ, 2016 00:07
ԼՂ հակամարտության հարցում ԵՄ-ն չի կարող մնալ պասիվ դիտորդի դերում. ԵՄ փորձագետներ

Եվրոպական քաղաքականության կենտրոնի խորհրդի անդամ Դենիս Սամուտը և ավագ քաղաքագետ-վերլուծաբան Ամանդա Փոլը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵՄ դերակատարության մասին իրենց տեսլականն ու առանձնացրել 6 հստակ քայլ, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել այս հարցում:

 

Եվրոպական քաղաքականության կենտրոնի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է.


«Երբ Ֆեդերիկա Մոգերինին մարտին այցելել էր Հարավային Կովկաս, նա ընդգծել էր, որ ԼՂ հակամարտությունը առաջնահերթ խնդիրներից է ԵՄ-ի համար: Փաստերը, սակայն, չեն համապատասխանում ԵՄ գերագույն հանձնակատարի հայտարարությանը: Երբ դաժան բախումները վերսկսվեցին հակամարտության գոտում անցյալ շաբաթ, ԵՄ-ն պասիվ դիտորդի դեր ստանձնեց` հարևանցի հեռախոսազանգեր կատարելով և Ադրբեջանին ու Հայաստանին կոչեր ուղղելով: Իրավիճակի սրումը ցույց տվեց, թե որքան արագ կարող է իրավիճակը զարգանալ շփման գոտում: Եթե դիվանագիտական ջանքերը ոչ մի առաջընթաց ցույց չտան, կրկնությունը շատ հավանական կլինի: ԵՄ-ն պետք է մասնակցի վերականգնված դիվանագիտական ջանքերին»: 


Ըստ փորձագետների` ԵՄ-ն պետք է ակտիվորեն ներգրավվի ապրիլի 2-ին կրկին բորբոքած և տասնյակ զոհերի պատճառ դարձած ԼՂ հակամարտությանը լուծում գտնելու փորձերին: Փորձագետները առանձնացրել են նախնական անհրաժեշտ քայլերը.


• ԵՄ-ն պետք է պաշտոնապես ներկայացված լինի Մինսկի խմբի ընդլայնված կազմում` ԵՄ նախագահող անդամ պետության միջոցով:


• ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկի որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ իր քաղաքական երկխոսության կարևոր մաս:


• ԵՄ-ն պետք է ռազմական կապի սպաներ նշանակի Բաքվում և Երևանում:


• ԵՄ-ն պետք է փոխհարաբերություն ստեղծի քաղաքացիական հասարակության հետ այնպիսի ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական համագործակցությունը:


• ԵՄ-ն պետք է համակենտրոնացնի Ղարաբաղի հարցում անդամ պետությունների դիրքորոշումները:


• ԵՄ-ն պետք է պետք է համագործակցի և խորհրդակցի տարածաշրջանային այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես օրինակ` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին