Կարևոր իրադարձություններ

Հրատապ գործնական քայլեր են հարկավոր ԼՂ-ում իրադրության կայունացման համար. Նալբանդյանը՝ Լավրովին

08 Ապրիլ, 2016 20:53
Հրատապ գործնական քայլեր են հարկավոր ԼՂ-ում իրադրության կայունացման համար. Նալբանդյանը՝ Լավրովին

Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Զրուցակիցները շարունակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:


Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:


Սերգեյ Լավրովը նշեց, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։


Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։


Նախարարներն անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հայ-ռուսաստանյան երկկողմ օրակարգի հարցերին։


Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։ Անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության հարցերին, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

 

Լրահոս

Դիտել ավելին