Կարևոր իրադարձություններ

Ստրասբուրգի հայ համայնքը խաղաղ երթով ֆրանսիացիներից պահանջել է դատապարտել Ադբեջանի ագրեսոր քաղաքականությունը

08 Ապրիլ, 2016 20:50
Ստրասբուրգի հայ համայնքը խաղաղ երթով ֆրանսիացիներից պահանջել է դատապարտել Ադբեջանի ագրեսոր քաղաքականությունը

Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ իրենց բողոքն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում գործող «Ավետիս» կազմակերպության փոխնախագահ Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ խաղաղ ցույցը մեկնարկել է Եվրոպայի մարդու իրավունքների դա տարանի դիմաց, որտեղից Եվրախորհրդի ամբողջ երկայնքով շարժվել են մինչև Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ: «Մոտ 300 հոգի էինք, աշխատանքային օր լինելու պատճառով շատերը չկարողացան մասնակցել»,-ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:

Երթի ողջ ընթացքը հսկել են ոստիկանները, իսկ մասնակիցները երգելով, «Արցախը մերն է» վանկարումներով, դրոշներով ու պաստառներով իրականացրել են իրենց ակցիան: «Հյուպատոսության առաջ ֆրանսերենով ճառ ասեցինք Թալիշում վայրագությունների, պատմության կրկնության մասին` կոչ անելով Եվրադատարանին, Եվրախորհրդին դատապարտել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը»,-հայտնեց Հրանուշ Մանուկյանը` շեշտելով, որ իրենք փորձում էին այդպիսով գրավել ֆրանսիական հասարակության ուշադրությունը:

Հայ համայնքի կազմակերպած երթի մասնակիցներին Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ դիմավորել են 10-13 ադրբեջանցիներ, որոնք պարզել են այդ երկրի դրոշները, միացրել իրենց ազգային երգերից: Բայց հայերն իրենց վանկարկումներով ստիպել են ադրբեջանցիներին լռել:

«Հետ գալուց էլ Եվրախորհրդի նիստի ավարտի ժամն էր, այնտեղ էլ կանգնեցինք մի պահ: Բազմաթիվ մարդիկ մոտենում, հարցեր էին տալիս, թե ինչ է կատարվում»,-ավելացրեց մեր զրուցակիցը: Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Ստրասբուրգի կենտրոնական հրապարակներից մեկում` Կլեբերում ադրբեջանցիները հակացույց են իրականացնելու:

Հայկական ակցիայի կազմակերպիչները « Հայորդի» հայ երիտասարական և «Ավետիս» կազմակերպություններն են:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին