Ահաբեկիչների հնարավոր հասանելիությունը միջուկային և քիմիական զենքին լուրջ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնևում կայացած ճեպազրույցում, որտեղ անցկացվում է ծայրահեղականության կանխման հարցերով համաժողով՝ հայտնում է TASS գործակալությունը։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ այդ խնդրի քննարկմանն էր նվիրված մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության գագաթնաժողովը՝ 52 պետությունների մասնակցությամբ։ Մասնակիցները հանձնառություն էին հայտնել համատեղ աշխատանքին՝ ուղղված իրավիճակների կանխմանը, որոնց դեպքում ծայրահեղականները կամ ահաբեկիչները կարող են հասանելիություն ստանալ զանգվածային ոչնչացման զենքին։