Կարևոր իրադարձություններ

Երևանն ու Սանկտ Պետերբուրգն ակտիվ համագործակցում են կրթության ոլորտում

08 Ապրիլ, 2016 14:48
Երևանն ու Սանկտ Պետերբուրգն ակտիվ համագործակցում են կրթության ոլորտում

Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում երկու քաղաքների կրթության ոլորտում փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման նպատակով Երևան է այցելել Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև բարձրագույն և միջնակարգ կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներ:

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով կրթության բնագավառում երկկողմ համագործակցությունն ու փոխայցերը, համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն ոչ միայն արդյունավետ, այլև շարունակական:
 «Երևանի քաղաքապետարանն այսօր սերտ համագործակցում է Սանկտ Պետերբուրգի կառավարության հետ: Այստեղ առանձնահատուկ է կրթության բնագավառում ծավալված փոխգործակցությունը, որի շրջանակում արդեն իսկ կյանքի են կոչվել համատեղ մի շարք ծրագրեր: Երկու քաղաքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների միջև ձևավորված կապը, փոխայցերն ու փորձի փոխանակումը խոսում են արդյունավետ գործակցության մասին»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:
 Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ընդգծելով երկու քաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված բարեկամական և գործնկերային հարաբերությունները, նկատել է, որ փոխայցերն ավելի են ամրապնդում կապն ու նպաստում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
 Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին ջերմ ընդունելության համար, նկատել է, որ այցի ընթացքում Երևանի կրթական համակարգին ծանոթությունն ու դրա շուրջ քննարկումները փոխադարձաբար կարևոր են կողմերի համար՝ կրթության ոլորտում նորամուծությունների ներդրման, լավագույն փորձի տեղայնացման տեսանկյունից: 
 «Ինձ հետ Երևանում են Սանկտ Պետերբուրգի տարբեր դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ: Վստահ եմ, որ մեր այցը Երևան, ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև, իսկապես, արդյունավետ»,-նշել է Իրինա Ասլանյանը:
 Հանդիպման ընթացքում հանրակրթության վարչության աշխատակիցները ներկայացրել են վարչության ծրագրային գործունեությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, այդ թվում ներառական կրթությամբ հաստատություններում, ինչպես նաև ձեռքբերումներն ու հաջողությունները հանրապետական և միջազգային հարթակներում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին