Կարևոր իրադարձություններ

Ո՞վ PR-ի կարիք ուներ, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը կամ մնացածնե՞րը. այնտեղ PR-ի կարիք ոչ մեկս չուներ

08 Ապրիլ, 2016 14:11
Ո՞վ PR-ի կարիք ուներ, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը կամ մնացածնե՞րը. այնտեղ PR-ի կարիք ոչ մեկս չուներ

Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Նարեկ Բավեյանի հետ, ով վերջին ամիսներին նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում: Նա ապրիլի 5-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» մեկնաբանների, լրագրողների ու հեռուստաաստղերի հետ միասին մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, բայց արդեն Երեւանում է, քանի որ նրա խոսքերով՝ հարկավոր է հեռուստաընկերությունների աշխատակիցները միմյանց փոխարինեն.

«Ես երեկ եմ վերադարձել Ղարաբաղից, քանի որ չէի կարող ավելի երկար մնալ. Նոր աշխատակիցներ էին գալիս ու այնտեղ հնարավոր չէր բոլորին տեղավորել, ապահովել սնունդով եւ այլն, ուստի պետք է միմյանց փոխարինեինք»,- նշեց Նարեկ Բավեյանն, ով երկու օր անցկացրեց Արցախում:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են անցել Ղարաբաղում անցկացրած օրերը, Նարեկը  շեշտեց.

«Մենք գնացինք Արցախ ու դրա իմաստը կայանում էր նրանում, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» անձնակազմը իր աշխատանքը տեղափոխում է Ղարաբաղ. այն, ինչ մենք պետք է անեինք այստեղ, որոշեցինք իրականացնել այնտեղ՝ լինելով արցախցիների եւ մեր զինվորների կողքին: Մենք բոլորին հորդորում էինք գալ Արցախ, քանի որ հիմա այնտեղ բոլորիս կարիքը կա, ճիշտ է՝ առաջին գծում բոլորիս կարիքը չկա եւ թույլ էլ չեն տա ամեն ցանկացողը բարձրանա դիրքեր, այսիքն՝ մենք կոչ չէինք անում, որ մարդիկ գան ու զենք վերցնեն, կռվեն.  պատերազմի ժամանակ ժողովրդի կողքին լինելը միայն զենքով չէ չափվում: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ովքեր չեն գնում Ղարաբաղ, կոնկրետ մենք որոշեցինք գնալ, քանի որ նույն ադրբեջանցիներին ուզում էինք ցույց տալ, որ հայը վախկոտ չէ ու նրա սպառմանը, թե կռմբակոծեն Ղարաբաղը, հայը ոչ թե փախավ, այլ ընդհակառակը՝ բոլոր քաղաքներից եկան  ու տեղակայվեցին Արցախում: Մեր գնալու հիմքում այս իմաստն էր ընկած, մենք ապացուցեցինք, որ վախկոտ չենք, քաջ ենք ու համախմբված, մենք պատրաստ ենք լինել ամենաթեժ գոտում, բայց լինել միասին»:

Այս թեմայի շուրջ Նարեկը հայտնեց նաեւ իր վրդովմունքը այն քաղաքացիների եւ կոլեգաների հանդեպ, ովքեր իրենց նման քայլը այլ կերպ են բնորոշել.

«Ցավոք, շատ ու շատ մարդկանց մոտ մեր քայլը այլ կերպ ընկալվեց, հաճախ լսեցինք արտահայտություններ, թե ինչ եք անում էնտեղ, գնացել եք ման եք գալիս, Ձեզ եք PR անում, որն ինձ համար ուղղակի հիվանդ մտածելակերպ է, ո՞նց կարելի է PR անել այս պարագայում կամ ինչ PR-ի մասին է խոսքը, երբ պատերազմական վիճակում ենք: Մի քիչ պետք է մտածել այսօր այնտեղ գտնվողներից ո՞վ PR-ի կարիք ուներ Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը կամ մնացածնե՞րը: Այնտեղ PR-ի կարիք ոչ մեկս չուներ, այնտեղ կարիք կար միայն ջերմություն ցույց տալ արցախցիներին, ինչը տեղի բնակչության կողմից շատ լավ գնահտվեց՝ ի տարբերություն Երեւանում գտնվող մեր կոլեգաներից մի քանիսի, ովքեր չգիտես ինչու փորձեցին ինչպես միշտ մի բան գտնել ու փնովել: Նրանց խոսքով՝ մենք կապիկություն էինք անում, բայց ինչպես Արցախում գտնվող մեր ընկերներից մեկն ասաց՝ ոչինչ, թող 10 միլիոն հայ գա Արցախ ու կապիկություն անի: Ես չեմ չարանում նրանց հանդեպ, որովհետեւ դա համարում եմ միամտություն ու անմտություն: Պարզապես նման  իրավիճակում այդպիսի հայտարարություններ չի կարելի անել, չի կարելի էն էլ նման խառը պայմաններում դուրս գալ միմյանց դեմ»,- նշեց երգիչ դերասանն ու ավելացրեց.

«Կրկնում եմ, ոչ մեկին չեմ մեղադրում, ով չի գնում Արցախ, բայց գոնե թող չխագարեն ու չմեղադրեն գնացողներին: Իհարկե, այսօրվա կարեւոր մարդիկ ու հերոսները մեր զինվորներն են, մենք հերոսություն չենք անում, որ գնում ենք Ղարաբաղ, դա համարում ենք շատ փոքր մի գործ, որ մենք էլ կարող ենք իրականացնել: Պատերազմի ժամանակ շատ կարեւոր է ճիշտ պրոպագանդան, իսկ այդ հարցում մենք փորձում ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ: Քննադատողների վերաբերյալ թեման փակելով՝ նշեմ, որ մարդիկ, ովքեր Ղարաբաղում են, գոնե 5 կմ են հեռու դիրքերից, իսկ դուք 325 կմ հեռու նստած եք շատ ավելի ապահով»:

Շարունակությունը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին