Կարևոր իրադարձություններ

Նոր ծրագիր՝ ներառական կրթության համակարգի հզորացման

08 Ապրիլ, 2016 13:59
Նոր ծրագիր՝ ներառական կրթության համակարգի հզորացման

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ:  

Անդրադառնալով համագործակցությանը՝ Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն  կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային: Նախարարն ընդգծել է, որ  համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի  կառուցում  և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը:

«Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են և վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը  կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք  ձևավորելու խնդիր ունենք և այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ »,- նշել է նախարարը և հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական  և արդյունավետ համագործակցությունը կլինի  շարունակական ու կընդգրկի նաև գիտության բնագավառը:

Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման  համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին