Կարևոր իրադարձություններ

«Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու». Վահրամ Աթանեսյան

08 Ապրիլ, 2016 00:07
«Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու». Վահրամ Աթանեսյան

Արցախյան ճակատում խիստ հարաբերական զինադադարի ռեժիմ հաստատվեց և հակամարտությունը դարձյալ հայտնվեց դիվանագիտական փակ կուլիսներում. ինչո՞ւ 1988-ից մինչ օրս գոնե ընդհանուր ուրվագծով հրապարակի վրա չհայտնվեց մի թուղթ, մի «բարաթ», որ մեր հասարակությունը գոնե իմանա, թե ինչ ասել է փոխզիջում ըստ հայկական դիվանագիտության, որն է այդ սահմանը, ինչ ընդհանուր սկզբունքներից է ելնում հայկական կողմը: Հասարակությունը պիտի գոնե ընդհանուր գծերով տեղյակ լինի՞ դրանից, մանավանդ որ պատերազմները հենց դիվանագիտական մտքի պարտությունից են սկսվում և հենց նույն հասարակությունն է իր կյանքի գնով վճարում դրա դիմաց:  Չէ՞ որ այսօր շատերը մոտալուտ բանակցությունների ելքից ավելի շատ են վախենում, քան անգամ՝ մարտական գործողությունների վերսկսումից: Եվ վերջապես, չէ՞ որ խոսքը մեր երկու պետությունների ազգային անվտանգության համար մեկ խնդրի մասին է: Ղարաբաղյան կարգավորման երկու տասնյակից ավելի տարիներ. ինչ էր զգուշացնում Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմ թե խաղաղություն.լրջանալու պահը» հոդվածում և արդյո՞ք նրա մռայլ կանխատեսումներն իրականացան, ինչպես և ում պատճառով մի ամբողջ Ղարաբաղ դուրս մղվեց բանակցային գործընթացից և արդյո՞ք իրատեսական է, որ պրոցեսը դեռ հնարավոր է հետ պտտել: Այս և տարածաշրջանային կարևորության այլ հարցերի ենք անդրադարձել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ մեր զրույցում, տեղ-տեղ մղելով իսկապես անզիջում մարտեր:  Զրույցի առաջին մասն այստեղ:

-Պարոն Աթանեսյան, եկեք գոնե հիմա հստակ հաշվարկենք արտաքին զինանոցը. ԵՄ-ից հույս չկա, ԵՄ-ը խաղաղության պարտադրման մանդատ չունի, իսկ նրա «Արևելյան գործընկերության» տիպի ծրագրերը հաստատ գործունակ չեն  այսպիսի հակամարտություններում: ՀԱՊԿ-ը լրիվ նորածին խառնակ գոյություն է և այնպիսի ատելություն է կուտակել իր ծննդյան օրից, որ ռեալ չի նրանից մի բան ակնկալելը և այս սրացումներին սա լրիվ երևակվեց: ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի մասով էլ վերևում արդեն խոսեցինք: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ասում էր՝ «անհնար է անհապաղ ղարաբաղյան հակամարտության գոտի հասցնել խաղաղարարների մեծ ուժեր»: Ով մնաց: ԱՄՆ Պետդեպի զեկո՞ւյցը, մի քանի տարի առաջ ասում էին՝ էթնիկ հայ անջատողականներ, ետ տվեք Ադրբեջանի 7 շրջանները, հիմա էլ՝ համ նալին, համ՝ մեխին, ամբողջականության և ինքնորոշման «աջափ սանդալ»: Այնպես որ պետք է ընդունել, որ հակամարտության գոտում արտաքին կարգավորման կամ խաղաղության պարտադրման հնարավորությունները առնվազն կասկածելի են: Ուստի, այո,  միայն հակամարտող կողմերը կարող են ելքերը գտնել: Ի՞նչ ենք ակնկալում միջազգային դայակները պատժե՞ն Ադրբեջանին, իսկ ինչ է իրենք չգիտե՛ին թե Ադրբեջանն ինչ սպառազինություն է կուտակում, բա ինչո՞ւ կանխարգելիչ մի քայլ չարեցին այդ ուղղությամբ:

-Խաղաղությունը Ադրբեջանին պարտադրված է: Այլապես Բաքուն չէր գնա կրակի դադարեցման: Այստեղ միջազգային միջամտության, խաղաղապահների և այլնի կարիք չկա: Խնդիրը նոր իրավիճակի այսպես ասած՝ մատերիալիզացման, իրեղենացման մասին է: Ես այնքան միամիտ չեմ, որ ենթադրեմ, թե ինչ ես գիտեմ՝ ՌԴ հետախուզությունը կամ ԱՄՆ ԿՀՎ-ն չգիտի կամ Իսրայելը: Գիտեն, իհարկե: Բայց բոլորովին այլ դիսկուրս է, երբ դու ասում ես՝ ես գիտեմ, որ դուք գիտեք և… Ալիևի ռեժիմը միջազգային դիսկուրսում պետք է հայտարարվի ոչ լեգիտիմ, միլիտարիստական խունտա: Սա մեր խնդիրն է: Եթե մենք չբարձրաձայնենք, միջազգային հանրությունը կհամարի, որ ընդունում ենք մեզ թիրախ դարձնողի լեգիտիմությունը:

-Բայց արդյո՞ք վտանգավոր չէ ղարաբաղյան հակամարտությունը դնել տեռորիզմի կամ ԻՊ-ի ասեղի վրա, այսինքն` մտնել Թուրքիայի կազմաքանդման գլոբալ ծրագրի շուկան, այն դեպքում, երբ այն անմիջական մեր հարևանն է, սա ռուսական և ամերիկյան քարոզչական դաշտն է կարծեմ, որ թուրքերը նավթ են մատակարարում ԻՊ-ին, որը դա զինյալների տեսքով Սիրիա է վերադառնում, իրար բամբակ են տալիս ու առնում, ճիշտ կլինի հիմա էլ այս խաղերի մեջ մտնենք: Մենք կարծեմ երբեք չենք խաղացել մեծ տերությունների հակասությունների վտանգավոր լարին: Սա ինչ կտա մեզ, չեմ հասկանում և սարսափում եմ ճիշտն ասած: Արցախից էլ հայտարարեցին, թե «Ճիշտ է դեռևս փաստեր չունենք, բայց ունենք հավաստի հիմքեր, որ ադրբեջանական զինված ուժերում կան վարձկաններ ու այնպիսի ահաբեկիչներ, որոնք որոնվում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում» : Շեշտեմ, բայց կոնկրետ փաստեր չունեն:

-Խնդիրը մեծ տերությունների խաղադաշտ մտնելու մեջ չէ, թեև Ադրբեջանն արդեն այնտեղ է: Ես ինձ պայծառատես չեմ համարում, ուղղակի փաստն եմ արձանագրում: Տարիներ առաջ «Ազգ»-ում մի հոդված են տպագրել՝ «Կովկասի մոլագարը»: Այդպես Ալիևին եմ անվանել: Ասել եմ, որ եթե միջազգային հանրությունը չզսպի նրան, վաղը գործ ենք ունենալու Կովկասի Սադամի հետ: Երբ Սադամը բռնակցեց Քուվեյթը, միջազգային կոալիցիոն ուժերն ստիպված էին նրան այնտեղից արտաքսել: «Փոթորիկ անապատում»՝ այդպես էր կոչվում ռազմագործողությունը: Արցախի դեմ Ալիևի ագրեսիան կասեցրել է Հայոց զինուժը: Դա մեծագույն ներդրում է Կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանմանը: Դրան ի տրիտուր՝ միջազգային հանրությունը պետք է Ալիևին ճանաչի տեռորիստ-ուզուրպատոր: Սա է իրողությունը: Քաղաքական պայմանավորվածությունների կարելի է հասնել միայն և միայն Ադրբեջանի լեգիտիմ իշխանությունների հետ:

– Իհարկե,  ռմբահարեցին Իրաքի ռազմական օբյեկտները և տապալեցին Սադամ Հուսեյնի ռեժիմը, Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալման պարագայում նավթի միջազգային գները անկում կապրեն, չմոռանանք որ խոսքը նավթի համաշխարհային ամենամեծ մատակարարին շարքից հանելու մասին է, մրցակցին ֆիզիկապես ոչնչացնելու մասին, չէ՞: Եթե սա է ժողովրդավարությունն ու մարդասիրությունը, ապա մարդկային բանականության փլուզման թեզն իրոք անհիմն չէ: Հիմա խոսենք փաստերով…

-Ես հետաքննիչ չեմ, ես քաղաքական գնահատական եմ տալիս: Փաստե՞ր: Մեկը ես ասեմ. ապրիլի 2-ի նախօրեին Թուրքիան հայտարարեց, որ ԻՊ մի քանի գրոհայիններ Ադրբեջանում պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել: Դա քարոզչական հնարք էր: Թուրքիայի պառլամենտում Դևլեթ Բահչելին հայտարարում է, որ թուրք ազգայնականները պատրաստ են գնալ և կռվել հանուն Ղարաբաղի: Մի քանի օր առաջ Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը միացյալ զորավարժություններ է անցկացնում Կոնիայում:

Վարձկանների անձնագրե՞ր են պետք: Ոչ մի վարձկան իդենտիֆիկացման քարտով մարտադաշտ չի գնում: Կա՞ն սպանված հատուկ ջոկատայինների դիակներ: Կան: Հարկ է միջազգային հետաքննություն անցկացնել՝ պարզելու սպանվածների ինքնությունը: Ասացի՝ Ադրբեջանը խոսում է 31 զինվորականի կորստի մասին: Իսկ մյուսնե՞րը: Եկեք պարզենք և կունենանք հստակ պատասխան՝ ո՞վ է Թալիշում և Մատաղիսում սպանվածը, թու՞րք, ադրբեջանցի՞, պակիստանցի՞, թե՞…

Այնպես չէ, որ կրակը դադարեց, տարածքային կորուստներ չունենք, ուրեմն ամեն ինչ կարող է վերադառնալ  ի շրջանս յուր: Ոչ: Մենք չպետք է թույլ տանք նախկին սխալները: Եթե ժամանակին փաստաթղթավորվեր Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի տասնյակ բնակիչների կենդանի հրկիզումը Շահբուլաղի կրահորերում, այսօր ոչ մի ադրբեջանցի չէր հանդգնի խոսել Խոջալուի «ցեղասպանության» մասին: Խալափյան ամուսինների դաժանագույն սպանությունը, զինվորի գլխատումը, դպրոցական Վաղարշակ Գրիգորյանի սպանությունը բավարար փաստեր չե՞ն, որ գործ ունենք ուզուրպատոր տեռորիստի հետ:

-Ամեն դեպքում, այս կրակի հետ խաղաղը մեր այս վիճակում բավականաչափ վտանգավոր է թվում: Այս կրակը Ֆրանսիայի և Բելգիայի պես երկրներն իսկի չեն կարողանում իրենցից հեռացնել: Բայց ես, միևնույն է, պետք է վերադառնամ արդեն մի քանի անգամ հնչեցրած իմ գլխավոր հարցին:Արցախն իր համար ձևակերպել է փոխզիջումների թույլատրելի շեմը, բանակցության առարկան, նոր պատերազմն արդեն դռանն է…

-Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել և չի կազմելու: Այս դոկտրինն է իրականացվում: Եվ քայլ առ քայլ մոտեցնում ենք այն ժամանակը, երբ աշխարհը կընդունի դա: Քառօրյա պատերազմն ավելի ամրապնդեց այդ դոկտրինի միջազգային լեգիտիմությունը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ մյուս բոլոր բաղադրիչներով հանդերձ: Մինչև ապրիլյան քառօրյա արյունահեղությունը բաց էր հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ քննարկվի ինչ-ինչ տարածքների հարց: Ալիևի տեռորիստական ռեժիմը փակեց այդ հնարավորությունը, մսխեց սեփական բանակցային ռեսուրսը: Այսօր ոչ մի խոսք չի կարող լինել տարածքների մասին: Ընդհակառակը, Արցախը պետք է պնդի, որպեսզի Ադրբեջանը դեօկուպացնի մեր հանրապետության օրինական տարածքները: Սրությամբ պետք է դրվի Շահումյանի շրջանը վերադարձնելու կամ առնվազը լիակատար ապառազմականացնելու, այն չեզոք գոտի ճանաչելու հարցը:

-Լավ, բավարարվենք այս պատասխանով, միգուցե այս ճակատագրական բանակցություններից առաջ չեք ուզում խաղաթղթեր բացել: Բայց, ի վերջո, ազգային անվտանգության համար մեկ հարցի մասին, հաստատ հասարակությունը պիտի տեղյակ լինի: Այդ դեպքում առանցքային էլ չէ, թե ով կբանակցի այդ փաստաթղթի շուրջ, կարևորը՝ որ լինի այդ հստակ դոկտրինը և կանխատեսելի լինի, թե ինչը կարող է բանակցության սեղանին դրվել, ինչը՝ ոչ: Ի վերջո, հենց այս անորոշության, ստվերայնության  պատճառով էլ  98-ին երկրում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, որովհետև երկու պետություններում ընդամենը ընտրյալ 6 հոգի գիտեին, ինչն ինչոց է: Իսկ հիմա հարց՝ արցախցիք ի՞նչ են մտածում,  ասացեք խնդրեմ՝ այսօր ո՞րն է մեր  հաղթաթուղթը, հակառակ դեպքում կարող է մարգարեական դառնալ Տեր-Պետրոսյանի հայտնի դիտարկումը, թե  խաղաղության կուսակցությունը գնաց և եկավ… գիտեք ով:
-Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ մի կանխատեսում իրականություն չի դարձել: Սա չի նշանակում, թե ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու նրա ջանքերն անիմաստ կամ ազգադավ էին: Ժամանակն այլ էր, կար ընկալում, որ միջազգային օժանդակությամբ հնարավոր է վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի կոմունիկացիոն, տնտեսական ինտեգրացիան և ընդհանուր պլատֆորմի վրա գտնել ԼՂ փոխընդունելի կարգավիճակ: Այսօր ուրիշ իրականություն է: Եվ եթե Տեր-Պետրոսյանից հետո 18 տարում ստատուս-քվոն պահպանվել, իսկ հարցի կարգավորման մեթոդաբանությունը դրական տրանսֆորմացիայի է ենթարկվել, ուրեմն «պատերազմի կուսակցությունը» պատմաքաղաքական ընթացքի ավելի ստույգ և բազմաշերտ գիտակցում է ունեցել և ունի, քան՝ պացիֆիզմի ջատագով Տեր-Պետրոսյանը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ի վերջո, ինչո՞ւ խուսափել «պատերազմի կուսակցություն» որակավորումից: Շուտով 70 տարին կլրանա՝ Իսրայելում պատերազմի կուսակցությունն է իշխանություն: Եթե քեզ հետ հարաբերվում են «հրեն կացինը սրած, գնամ-բերեմ ծառը կտրեմ» ոճով, դու, իհարկե, պիտի ունենաս պատերազմի կուսակցության իշխանություն: Սա, ի վերջո, մեր ընտրությունն է, որ կատարել ենք 88-ին:

-Բայց 88-ին մենք, կարծես,  միացում էինք վանկարկում, այդ ով գիտեր, որ այս կոնֆլիկտը կարող են կապել մի ամբողջ ժողովրդի վզից և  նրան 25-ամյա պատերազմ պարտադրել: Արդեն 30 տարի նույն շրջապտույտն է՝ տեղ-տեղ սրացումներով, արդյո՞ք  մեր ժողովուրդը կարող է ապրել ու զարգանալ այս դժոխքում, այս տոտալ շրջափակման մեջ, այս արյունահեղությանը  քանի՞ տարի կդիմանան մեր երկու պետականությունները: Արդյո՞ք սա փակուղի չէ: Դրա համար էլ Արցախում մենք 150 հազարից ավելի  չենք, իսկ Ստեփանակերտի շուկայում Արարատյան դաշտի տանձուխնձորն է վաճառվում: 

– Ինչ վերաբերում է ԼՂՀ մարդկային և տնտեսական ռեսուրսներին, ապա հարկ է շեշտադրել, որ կատարյալ շրջափակման մեջ գտնվող, Ադրբեջանի կողմից մշտապես ռազմական հարձակման ենթակա հանրապետությունը չի կարող սոցիալ-տնտեսական դրախտավայր լինել: Ի դեպ, Ադրբեջանում տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ իրավիճակն ուղղակի սարսափելի է: Ադրբեջանը գետտո է, այնտեղ մուտք չունեն լրագրողները, զբոսաշրջիկներին չի թույլատրվում հեռանալ Բաքվից: Ամեն ինչ արվում է, որպեսզի իրականությունը քողարկվի:

-Այո, համաձայն եմ, որ Ալիևի ռեժիմը կատարյալ գետտոյի է վերածել իր երկիրը, բայց անգամ ամենավերջին խելագարին  էլ   դատապարտված ես  քարշ տալ մի անկյուն և լեզու գտնել հետը: Այս նոր պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե  մեր հասարակությունը բարոյական ինչ արժեհամակարգ ունի, և ինչպիսի հզոր կամք պաշտպանելու իր հայրենիքը: Այս էներգետիկան, այս թանկ զոհերը, այս մեծ սպասումը չպիտի մսխվի: Միգուցե դրա համար էլ իմ հարցերը սովորականից ավելի սուր դրվեցին այսօր: Շնորհակալություն, մեծ համբերության համար: 

-Իրավունք ունենք սուր հարցադրումներ անելու ինքներս մեզ, մեր իշխանությանը, միջնորդներին, միջազգային հանրությանը: Քառօրյա պատերազմը նաև ինքնամաքրման հնարավորություն էր: Պետք է ոչ միայն հուսալ, այլև ամեն ինչ անել, ընդ որում՝ ամենժամյա ռեժիմով, որպեսզի ներքին այդ ահռելի պոտենցիալը չմսխվի քաղաքական ինտրիգներում: Իսկ Ադրբեջանում պետք է հասկանան և հաշտվեն, որ քառօրյա արյունահեղությունը վերջնականապես թաղել է ինչ-որ տարածքներ ետ ստանալու և այնտեղ բնակության վերադառնալու հույսերը:

 

Մանրամասները՝  Tert.am

 

Լրահոս

Դիտել ավելին