Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Նրա որոշումից հետո մեր տանը լռություն էր. Արաքսյա Մելիքյանն՝ ամուսու Արցախ մեկնելու մասին

07 Ապրիլ, 2016 23:14
Նրա որոշումից հետո մեր տանը լռություն էր. Արաքսյա Մելիքյանն՝ ամուսու Արցախ մեկնելու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 7-ին, երբ նշվում է «Մայրության եւ գեղեցկության» օրը, դերասանուհի Արաքսյա Մելիքյանն իր տոնը կանկացնի երկու բալիկների հետ. ամուսինն այսօր իր կողքին չի լինի, բայց Արաքսյան դրանից չի սրտնեղում, քանի որ ամուսինը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, վերջին օրերին ավելի կարեւոր գործով է զբաղված, նա գտնվում է Արցախում՝ փորձելով որեւէ կերպ օգտակար լինել:

«Երկու օր առաջ առավոտյան առանց ինձ հետ որեւէ բան քննարկելու ամուսինս սկսեց հավաքել իրերը, երբ հարցրի, թե ուր է գնում, ասաց՝ որոշել է ու մեկնում է Ղարաբաղ: Դրանից հետո կրկին ոչինչ չքննարկեցինք, նրա այդ որոշումից հետո մեր տանը լռություն էր: Իհարկե, ինձ համար անակնկալ էր, մենք մինչ այդ չէինք խոսել այդ մասին, բայց ընդիմանալ էլ չէի կարող, քանի որ նա ճիշտ որոշում էր կայացրել»,- Life.panorama.am-ին պատմեց Արաքսյան ու շարունակեց.

«Անդրանիկն Արցախ գնացել է իր ընկեր բժիշկ Հայկ Բալայանի խմբի հետ, նրանք այնտեղ են բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով. հուսամ օգտակար կլինեն»:

Արաքսյան մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ամուսնու այս որոշումն իրեն չի անհանգստացրել, բայց երբ իմացել է, որ Անդրանիկը փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, մի պահ ստրես է ապրել.

«Երեկ հեռախոսով պատմեց, որ փորձել է ընդգրկվել կամավորական ջոկատում, բայց նրան չեն ընդունել, քանի որ կարծես թե դրա կարիքը չկա ու բացի այդ էլ ավելի փորձառուները պետք է լինեն այնտեղ. Չեմ թաքցնի, մի պահ ստրես ապրեցի, երբ պատկերացրի նրան էլ կռվի դաշտում, բայց Աստված ոչ անի, եթե դրա անհրաժեշտությունն էլ լինի, մեկ է, դեմ չեմ լինի, բա բնությամբ է տրված՝ տղամարադը պետք է կռվի գնա, իսկ կինը տանը նրան սպասի եւ երեխաներին դաստիարակի»,- ավելացրեց դերասանուհին:

«Հիմա մի վայրկյան անգամ չեմ վախենում, վստահ եմ մեր զինվորների վրա, մեր պետությունն էլ կորած երկիր չէ, մենք կազմավորված, լուրջ բանակով պետություն ենք ու վախենալու ոչինչ չունենք, ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արաքսյան ու խորհուրդ տվեց բոլոր կանանց այս դժվարին իրավիճակում սատարել իրենց ամուսիններին.

«Այն կանայք, ում ամուսինները հիմա Արցախում են, անկախ նրանից ինչ գործով, պետք է պարզապես լինեն նրանց կողքին, սատարեն ու ասեն՝ կեցցես: Ի՞նչ է նշանակում հարցերը «Ինչու թողեցիր ամուսինդ գնա, բա փոքր երեխեք», բա էն սահամանին կանգնած մարդի՞կ, գուցե նրանք տասը երեխա ունեն: Պետք է եվրոպական եսասիրությունը մի կողմ թողնել սիրելի կանայք»,- շեշտեց նա:

Life.panorama.am-ը երկու օր առաջ, երբ Անդրանիկն Արցախի ճանապարհին էր, փոքրիկ զրույց ունեցավ նրա հետ, սակայն Անդրանիկը չցանկացավ հանրայնացնել իր այդ քայլը, որն իր համար ավելի շատ պարտք է համարում: Դերասանը, ով 90-ականների ղարաբաղյան հակամարտության ժամանակ ծառայել է Հայոց բանակում եւ անկախ իր կամքից նաեւ մասնակցել բախումներին, այսօր փորձում է կամավոր օգնություն ցուցաբերել՝ թեկուզեւ բժշկական օգնությամբ:

Այսօր Անդրանիկ Զաքարյանն իր խոստմանը համաձայն՝ զրուցեց մեզ հետ ու նկատեց.

«Գիտեք, մի հետաքրքիր զուգադիպությամբ այն ամենն, ինչ ես ասում եմ, կատարվում է: Երբ Արցախի ճանապարհին էինք, ասացի՝ տղերք, մինչեւ հասնենք Ղարաբաղ, ամեն ինչ կանցնի եւ հրադադար կլինի: Այդպես էլ եղավ, ճիշտ է կրակոցները ժամանակ առ ժամանակ սկսվում են, բայց առաջին օրերի լարվածությունը կարծես էլ չկա եւ հույս ունենք, որ չի էլ լինի: Այստեղ եմ բժիշկ ընկերներիս հետ, փորձում եմ ինչ-որ կերպ նրանց օգտակար լինել: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրիս պարտքն է ինչ-որ կերպ լինել արցախցիների կողքին, թեպետ նրանք այնքան ուժեղ են, որ եթե մենք օգնության էլ չհասնեինք, միեւնույն է, էս հզոր ժողովուրդը կկարողանա հաղթել ամենքին: Շատ ուրախ եմ, որ ամբողջ հայությունը համախմբվեց, երբ վտանգ էր սպառնում մեր ժողովրդին, հենց մեր համախմբան մեջ է մեր հաղթանակը: Այսօր ԱՄՆ-ից եւ Եվրոպայից են անգամ մեր հայրենակիցները ուզում գալ Հայաստան, քանի որ համայն հայությանը մեկ նպատակ է համախմբել՝ Ղարաբաղը պետք է լինի ամուր ու անառիկ»:

Լրահոս

Դիտել ավելին