Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

07 Ապրիլ, 2016 22:11
ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով. տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական վարչությունը։


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:


Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ հարգարժան պարոն Մեդվեդևի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:


Մենք քննարկեցինք ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակ¬ցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում մեր գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները:


Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը,  խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը:


Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրու¬թյուն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսու¬թյունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցու¬թյունը, կրթու¬թյունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով:


Մանրամասն քննարկեցինք Հայաստանի Հանրա¬պետու¬¬թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապա-տաս¬¬խան փաստաթղթերի ստորա¬գրմամբ: 


Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարա-կան հանձնա¬ժողովի գործունեու¬թյան կարևորությունը և պարբերաբար նիստերի գումարման անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություն¬ների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է:


Երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:


Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողու¬թյամբ կյանքի կկոչվեն:


Իսկ հիմա, կցանկանայի խոսքը փոխանցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Խնդրեմ, պարոն Մեդվեդև»:


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Ցանկանում եմ նշել, որ բանակցություններն իմ գործընկեր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչպես միշտ, կայացան ջերմ և բարեկամական մթնոլորտում: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, խոսեցինք Եվրասիական ինտեգրման ամրապնդման հեռանկարի մասին: Այս ինտեգրացիային ոչինչ չպետք է խանգարի, անգամ այս կամ այն հանդիպումները տեղափոխելու դեպքում: Պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում ևս կհանդիպենք՝ քննարկելու ամեն ինչ: Այնուամենայնիվ, հիմնական բանակցությունների գլխավոր թեման Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերին վերաբերող հարցերն էին: Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ միջավայրին, մեզ մոտ համագործակցության ոչ վատ դինամիկա կա: Ռուսաստանը շարունակում է մնալ  Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերը: Առևտրաշրջանառության ծավալն ավելի քան 1 մլրդ 250 հազար դոլար է կազմում. անկումը պայմանավորված է մեր երկրների միջև շրջանառվող ապրանքների գների տատանումով, այլ ոչ թե ֆիզիկական ծավալների  նվազեցմամբ, որն ավելի կարևոր է:


Ռուսական կապիտալի ընդհանուր ծավալը, ինչպես նախկինում, մնում է նույնը`4 մլրդ դոլարի սահմաններում: Հայաստանում գործում է  ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն: Մենք գտնում ենք, որ դա դրական է, սակայն ամենևին էլ առավելագույնը չէ: Հենց նոր ստորագրվեցին համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնց մասին իմ գործընկերն ասաց: Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման,  բնակ-կոմունալ տնտեսության, բնապահպանության, առողջասանիտարական հսկողության և միջտարածաշրջանային համագործակցությանը: Մենք նաև պայմանավորվեցինք էներգետիկ ոլորտի հարցերի շուրջ,  այդ թվում՝ գազի առաքման մասով, ինչը չափազանց կարևոր է Հայաստանում էլեկտրաօգտագործման սպառման,   կայունության ապահովման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի զարգացման համար: Սկսվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը: Սովորաբար այդ ծրագրերի իրականացումը երկար է տևում, սակայն մենք Հայաստանում նախատեսում ենք այն իրականացնել 5 տարվա ընթացքում:


Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից աշխատանքի է անցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը, որի նախագահությունը մոտակա չորս տարիների ընթացքում ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետը: Չնայած ներքին տնտեսական դժվարին իրավիճակին, մենք պետք է առավելագույնս բացահայտենք Եվրասիական միության տնտեսական ներուժը, ինչի մասին ևս խոսել ենք: Հաշվի առնելով ընդունված որոշումները՝ համապատասխան միջոցառումը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին, պայմանավորվել ենք, որ Եվրասիական միության կառավարությունների ղեկավարների հաջորդ նիստը  կարճ ժամկետում կանցկացվի Հայաստանում, ինչպես այն նախատեսված էր: Իհարկե, մեզ միավորում է ոչ միայն առևտրատնտեսական համագործակցությունը, այլև մշակութային, պատմական հարաբերությունները, հումանիտար կապերը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռուսաց լեզի  տարածմանը, դա այն լեզուն է, որը մեր երկու երկրներին է կապում: Կցանկանայի, որ նման բնույթի հարաբերությունները շարունակվեն նաև ապագայում: Մենք պայմանավորվել ենք հետագայում ևս ամրապնդել հումանիտար-մշակութային համագործակցությունն այն ուղղություններով, որոնք արդեն գոյություն ունեն. դա երիտասարդների կրթության, համալսարանների միջև փորձի փոխանակումն է: Նաև քննարկել ենք ևս մեկ թեմա, որը վերաբերում է հայ գործընկերների առաջարկությանը՝ Հայաստան այցերի համար Ռուսաստանի ներքին անձնագրի օգտագործման մասին: Նման նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների հարաբերությունների յուրահատկության մասին, և մենք, իհարկե, պատրաստ ենք, որպեսզի այդ նախաձեռնությունն իրականանա: Իհարկե, մենք այսօր չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրավիճակը: Ես այն քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաև հանրապետության Նախագահի հետ: Այդ իրավիճակն անկասկած մեզ լուրջ մտահոգում է: Հույս ունենք, որ կպահպանվի  հրադադարի ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթացը: Շատ բան է արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, որպեսզի չզոհվեն մարդիկ, ենթակառուցվածքները չփլուզվեն: Ռուսաստանը հետագայում ևս պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան գործընթացների շրջանակում: Այն մեխանիզմը, որն առկա է, այլընտրանք չունի, նրա լիազորություններն ամրագրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ-ի կողմից: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ ամենակարևորը հակամարտության թեժացման բացառումն է, քանի որ դա կարող է բերել ամենաողբերգական հետևանքների տարածաշրջանի համար: Այդ հարցի քննարկումն անկասկած կշարունակվի:   


Վերջում կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ շնորհակալ եմ հայ գործընկերոջս՝ հրավերի, հիանալի մթնոլորտի համար: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք տեղի ունեցած բանակցությունների ընթացքից, վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել մեր համագործակցությունը, այն ավելի փոխշահավետ և հաջողակ դարձնել: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը և բարեկամը: Շնորհակալություն ուշադրության համար»:  

 

Լրահոս

Դիտել ավելին