Կարևոր իրադարձություններ

Մեդվեդև - Աբրահամյան հանդիպումը` լուսանկարներով

07 Ապրիլ, 2016 20:38
Մեդվեդև - Աբրահամյան հանդիպումը` լուսանկարներով

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փասթաղթեր: Այդ մասին Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:

«Քննարկեցինք Հայաստանի Հանրա­պետու­­թյուն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորա­գրմամբ»,-  ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Մեդվեդևը նշեց, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիան: «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը:

Ռուսաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:«Կարևոր է, որ հակամարտության գոտում հրադադարը պահպանվի և հարցը լուծվի քաղաքական գործընթացի միջոցով, դիվանագետների օգնությամբ, այլ ոչ թե զինուժի, որպեսզի մարդիկ չզոհվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի բացառվի նաև հակամարտության թեժացումը, քանի որ այն լի է վտանգավոր ռիսկերով»,- ասաց նա:

Քննարկել են ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակ­ցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում երկկողմ գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Այդ մասին հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ հանդիպումն անցել է շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

«Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրու­թյուն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսու­թյունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցու­թյունը, կրթու­թյունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով: Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարա­կան հանձնա­ժողովի գործունեության կարևորությունը և պարբերաբար հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություն­ների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:

Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բանակցություններն ընթացել են ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վարչապետը վստահություն հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողու­թյամբ կյանքի կկոչվեն:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին