Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Հայաստանում․ Դմիտրի Մեդվեդև

07 Ապրիլ, 2016 20:27
ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի Հայաստանում․ Դմիտրի Մեդվեդև

ՀՀ և ՌԴ վարչապետների երևանյան հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը։ Այս մասին հանդիպման ավարտին լրագրողներին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


«Քննարկվել են երկու կողմերի հարաբերություններին վերաբերող հարցեր, խոսել ենք եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների մասին։ Սրան ոչինչ չպետք է խանգարի, նույնիսկ այս կամ այն հանդիպման օրերի տեղափոխությունը։ Պայմանավորվել ենք այն մասին, որ հետագայում էլ հանդիպումների միջոցով ենք քննարկելու հարցերը։  Ամեն դեպքում, հանդիպման, բանակցությունների գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը։ Չնայած համաշխարհային ոչ բարենպաստ կոնյունկտուրային, մենք ունենք համագործակցության ոչ վատ դինամիկա։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար մնալ արտաքին առաջատար գործընկեր։ Առևտրաշրջանառության ծավալը գերազանցում է 1 միլիարդ 250 միլիոն դոլարը։ Թիվը մի քիչ նվազել է, բայց նվազումը կապված է գների տատանման հետ, ոչ թե ֆիզիկական ծավալների, ինչը շատ կարևոր է»,- նշեց ՌԴ կառավարության ղեկավարը։


Վերջինս նշեց, որ ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ էներգետիկ հարցերին վերաբերող, մասնավորապես՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գնի նվազման հարցում, որը Մեդվեդևի խոսքով, ռազմավարական նշանակություն ունի կայունության ապահովման համար և Հայաստանի բնականոն զարգացման համար։


Խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին, ՌԴ վարչապետը հիշեցրեց, որ ԵՏՄ կոլեգիան նախագահում է Հայաստանը՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի, ապա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավելագույնս ընդլայնելու ինտեգրացիոն պոտենցիալը, անցկացնելու միջոցառումներ, ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպումն անցկացնել Հայաստանում, ինչպես դա նախանշված էր։

 

Լրահոս

Դիտել ավելին