Կարևոր իրադարձություններ

Տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ, ձեր կյանքին մեռնեմ, հեսա գալիս ենք հասնենք. Արցախում վիրավորված զինծառայողներ (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2016 17:52
Տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ, ձեր կյանքին մեռնեմ, հեսա գալիս ենք հասնենք. Արցախում վիրավորված զինծառայողներ (լուսանկարներ)

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացման հետևանքով վիրավորված 32 զինծառայող, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Այսօր լրագրողներն հնարավորություն ունեին այցելել համեմատաբար լավ վիճակում գտնվող զինծառայողներին:

19-ամյա կրստեր սերժանտ Դավիթ Գրիգորյանն արդեն ծանոթ է շատերին, նա հենց այն զինծառայողն է, ում երկու ոտքն էլ կտրվել է ականի պայթունի հետևանքով, սակայն նա այսօր էլ անհամբեր սպասում է այն օրվան,թե երբ կրկին ծառայության կանցնի: Համեստ ժպիտով մեր զինվորը առաջին հերթին խոսում է իր դասակի հրամանարի մասին, ասում է, նրա շնորհիվ է փրկվել: «Միանգամից երկու ականի վրա եմ պայթել, ինքն է եկել ինձ հանել, տարել են դեպի շտապօգնության մեքենա: Երբ ականը պայթեց, տեսա, որ երկու ոտքս չկա, մի ոտքս համազգեստիս գոտիով կապեցի, մյուսն էլ զինվորական սապոգիս քուղով: Գլխիս տակի ականը հանել եմ դրել կողքիս» ,-պատմեց Դավիթը: Դավիթի խոսքով, այդ պահին ընդհանրապես ցավ չի զգացել: Հիմա էլ անհամբեր սպասում է, թե երբ է շարունակելու ծառայությունը, նախարարը խոսատացել է ընդառաջել: Հիմա հիվանդասենյակում պառկած էլ Դավիթը մտքով ծառայակից ընկերների հետ է, ամենաշատը նրանց համար է անհանգստանում. «Տղերքը դիրքերում են, իսկ ես ստեղ…»:

 
 
«Ես ձեր ցավը տանեմ, ձեր կյանքին մեռնեմ»,-կուզեր ասել իր ծառայակից ընկերներին շարքային Արման Ավետիսյանը: Արմանը նռնակից է վիրավորվել, այդ օրերից միայն իր ընկերների դուխն է հիշում: «Դասակիս հրամանատարին էի հետ բերելու առաջնագծից, գլխիս տակ նռնակ գցեցին պայթեց, կանգնեցի, ընկա գետնին, հետո ձեռք տվեցի, զգացի ոտքս չկա: Այս պահին չկա մի հարց, որ անհանգստացնի, միայն բոլոր վիրավորներին առողջություն եմ ուզում, ու թող պաստերում ծառայող տղեքին միշտ լավ նայեն, ինչով կարան օգնեն»,-ասաց նա:
 

Շարքային Նարեկ Վարդումյանը մինչև Երևան տեղափոխվելը եղել է Մարտակերտում, ապա Ստեփանակերտում: Նա էլ Դավիթի նման սպասում է, թե երբ պիտի շարունակի ծառայությունը: «Բուժվելու եմ ու միանգամից հետ գնամ»,-վստահեցնում է նա: 20-ամյա Նարեկը բեկորային վնասվածք է ստացել կոնքի հատվածում. «Զորամասի տարածքում էինք արդեն, օգնական ուժ էին ուղարկել վերև, այդ ժամանակ գրադը ընկավ, տրաքեց, բեկորները մտան կոնքս»: «Տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ, դուք հիմա տեղ եք, մենք ստեղ հանգիստ պառկած ենք, իմացեք մենք էլ ենք հեսա գալիս»,-ասում է Նարեկը: Ընկերներին, Նարեկի խոսքով, ամենից շատ հիմա սիգարետ, դուխ,առողջություն է անհրաժեշտ. «Ուշադիր լինեն, սաղ տղերքն էլ հիմա գնան իրանց օգնական…»:
 
 
Ջաբրայիլում վիրավորված Համբարձում Վարդանյանն էլ համեստաբար ասում է՝ լուրջ բան չկա, ծոծրակին ընդամենը նռնակի բեկոր է կպել, հիմա ապաքինվում է: Թե ինչ է զգացել այդ պահին , չի հիշում, փոխարենը չի մոռացել նպատակի մասին. «Նպատակը մեկն էր՝ մեր սահմաններն անառիկ պահենք, պաշտպանենք թշնամուց»: Համբարձումը 21 ամիս ծառայել է:  Ամենակարևորը, ըստ Համբարձումի ուշադիր լինելն է, ընկերներին խորհուրդ է տալիս կազմակերպված, զգոն լինել ու լսել հրամանատարներին: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ բոլոր զինվորների մայրերին, Համբարձումը մաղթեց քաջ առողջություն, համբերություն և որ բոլորի զավակները տուն վերադառնան:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին