Կարևոր իրադարձություններ

Խելահեղ մաքոքի տարածաշրջանային պտույտը

07 Ապրիլ, 2016 18:02
Խելահեղ մաքոքի տարածաշրջանային պտույտը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչները արդեն սեղանին են, և հարցը նույնիսկ դրանք դասավորելը չէ, այլ ձևակերպումներ գտնելը: Լավրովը քառօրյա պատերազմից հետո Բաքվում է, իսկ վաղը Մոսկվայում ընդունելու է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանին: Նա ասել է, որ քննարկելու են կարգավորման հարցերը, ինչպես որ քննարկել են ադրբեջանական կողմի հետ:

Լավրովի հայտարարությունն առաջացնում է մի շարք կարևոր հարցեր: Առաջին հերթին այն, թե ինչ է նշանակում «բոլոր բաղադրիչները արդեն սեղանին» են: Ի՞նչ է նշանակում արդեն, ինչո՞ւ մինչ այդ սեղանին չէին, քառօրյա պատերա՞զմն է նպաստել, որ «արդեն բոլոր բաղադրիչները» սեղանին լինեն: Իսկ ի՞նչ բաղադրիչ էր հատկապես, որ մինչ այդ սեղանին չէր և այնտեղ պետք է հայտնվեր «արդեն» միայն պատերազմի արդյունքում: Արդյոք դա խաղաղապահների տեղակայման ռուսական գաղափա՞րն է:

Այս կոնտեքստում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչքանո՞վ է Ռուսաստանը ներկայումս կողմերի հետ համաձայնեցված բանակցում: Այսօր թվիթերյան հերթական գրառումն էր արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ասելով, թե համանախագահները գնում են Լեռնային Ղարաբաղ՝ առաջին ձեռքից իմանալու, թե ինչպիսին է վիճակը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանն ու համանախագահները համակարգված են աշխատում, թե՞ կրակի դադարեցման հարցում գալով միասնական եզրակացության՝ հետագա զարգացումների հարցում միջնորդները կրկին անցել են հակադիր դիրքերի և ազդեցության համար պայքարի, ինչը կնշանակի, որ միմյանց խանգարելու նաև:

Եվ արդյո՞ք դա չի նշանակի, որ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը կարող է խախտվել կրկին: Օրինակ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե կայունությունը, իհարկե, երաշխավորված չէ, վիճակը հեռու է կայուն լինելուց: Ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք պատերազմը ինչ-որ կողմից շանտաժի առարկա չէր և մինչև հիմա էլ չէ, և ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն արդյո՞ք չի ակնարկում, որ եթե Ռուսաստանին խանգարեն, ուրեմն կարող է վերականգնվել ապակայունացումը:

Ընդհանրապես պարզ չէ՝ խոսքը ներկայումս կարգավորման փաստաթղթի՞ մշակման մասին է, թե՞ իրավիճակի որոշակի կայունացման ձևաչափի ընտրության կամ գործընթացի ձևավորման, որտեղ արդեն կսկսվի կամ կվերականգնվի բանակցային գործընթացը:

Հարցերն իսկապես բազմաթիվ են, այդ թվում՝ կապված նաև բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Ակնհայտ է, որ սկսվել է դիվանագիտական մաքոքի մի խելահեղ պտույտ, որտեղ անկասկած քննարկվող հարցերի թվում լոկ ղարաբաղյան խնդիրը չէ, որ դիտարկվում է, այլև Կովկասը, Թուրքիան, Իրանը ընդհանրապես:

Պատահական չէ, որ Բաքվում Լավրովը շփվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Իրանի արտգործնախարարի հետ՝ քննարկելով եռակողմ գործակցության հարցեր: Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, Գերմանիայում է, տեղեկություն է տարածվել այսօր, որ Վրաստանն ու «Գազպրոմն» են պայմանավորվել Հայաստան տարանցվող գազի գնի հարցում՝ Ռուսաստանը կշարունակի վճարել գազի 10 տոկոսով, թեև «Գազպրոմը» ուզում էր վճարել փողով, ոչ թե գազով:

Պատահակա՞ն էր, որ կողմերի միջև վերջնական պայմանավորվածության կայացման մասին հայտարարվեց հենց այսօր: Դա որևէ կերպ պայմանավորվա՞ծ է Մեդվեդևի երևանյան այցի հետ, որի ընթացքում սպասվող երևի թե միակ առարկայական բանը գազի գնի վերաբերյալ հայտարարությունը կարող է լինել:

Իհարկե, ամենակարևոր հարցն այն է, թե ինչն է պտտվում մաքոքի շուրջ՝ խաղաղությո՞ւնը, թե՞ պատերազմը: Եվ մեկ այլ՝ միգուցե առաջին հայացքից էլ ավելի պարադոքսալ հարց, որը, սակայն, հաշվի առնելով վերջին տարիներին մի շարք իրողություններ, ըստ էության, խիստ հրատապ է՝ որտե՞ղ է այդ դիլեմայում Հայաստանի և Արցախի անվտանգությունը միջին կամ երկար հեռանկարում:

 

Լրահոս

Դիտել ավելին