Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմն ունի 121 վիրավոր, որից 10-ը ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. ՊՆ ռազմաբուժվարչության պետ

07 Ապրիլ, 2016 16:58
Հայկական կողմն ունի 121 վիրավոր, որից 10-ը ծանր, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. ՊՆ ռազմաբուժվարչության պետ

Կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինվորների մահվան միայն մեկ դեպք է գրանցվել, որը եղել է Մարտակերտի հոսպիտալում: Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր զինվոր, ով հասել է վիրահատական սեղանին, փրկվել է:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
 
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 121 վիրավորներից ծայրահեղ ծանր է 5-ի վիճակը: Նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը` պայմանագրային, մեկն էլ` աշխարհազորային»,-տեղեկացրեց նա:
 
«Ծանր վիրավորների մասով առավոտվա դրությամբ ունեինք 5 վիրավոր, քիչ առաջ զեկուցեցին, որ ծայրահեղ ծանրից մեկն արդեն ծանր է՝ ապարատը անջատվել է, կոնտակտ կա: Բայց քիչ առաջ նորից մեկ վիրավոր ընդունեցինք ծայրահեղ ծանր վիճակով, և հինգը պահպանվում է»,-մանրամասնեց Խաչատրյանը:
 
Խաչատրյանի խոսքով, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կա 32 վիրավոր:
 
Խաչատրյանը հայտնեց, որ մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք 4 անդամահատված վիրավոր: Նա ընդգծեց, որ անդամահատությունը ծայրահեղ վիճակ չէ, իրենք ծայրահեղ վիճակ են համարում այն դեպքերը, երբ վիրավորի մոտ որևէ դինամիկա չկա:
 
«Ունենք զինվոր, ում երկու ոտքն ամպուլացվել է, բայց զինվորը պնդում է, որ անմիջապես հենաշարժողական ապարատ տեղադրեն, որպեսզի տեղափոխվի առաջին գիծ»:
 
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ առաջնագծում օգնության հասնելու համար սանիտարական մեքենաներից մեկը ոչնչացվել է, թեև վրան սանիտարական խաչ կա, և միջազգային կոնվենցիաներով արգելված է կարմիր խաչի վրա կրակել։ Սակայն ադրբեջանական կողմը կրակել է, և արդյունքում մեկ մեքենայի կորուստ եղել է, բայց մարդկային զոհեր չկան:
 
ՀՀ ՊՆ ռազմաբուժվարչության պետը նաև նշեց, որ թեև հոսպիտալում պլաստիկ վիրահատություններ կատարել ընդունված չէ, բայց իրենք ամեն ինչ արել են, որ վիրավորների վերջույթները փրկեն:
 
Խաչատրյանը նշեց նաև, որ վիրավորների շրջանում միայն մեկ զոհ է եղել, ով բազմաբեկորային վնասավածքներ էր ստացել:
 
«Մենք ընդհուպ մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պարագայում պլաստիկ վիրահատում ենք կատարել։ Պայքարը գնում է ոչ միայն կյանքի համար, այլ՝ հետագա հաշմանդամությունը կանխելու»,-ասաց նա:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին