Կարևոր իրադարձություններ

«Медуза»-ի անդրադարձը ԼՂՀ-ում ամենատուժած երկու գյուղերից (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2016 16:33
«Медуза»-ի անդրադարձը ԼՂՀ-ում ամենատուժած երկու գյուղերից (լուսանկարներ)

Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման երրորդ օրն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակն ընդհանուր առմամբ հետևում են հրադադարին, սակայն պարբերաբար հաղորդվում է խախտումների մասին։

 

«Медуза»-ի թղթակից Իլյա Ազարը մեկնել է հյուսիսային ու ամենատուժած շրջաններ՝ Թալիշ և Մատաղիս։ Լեռներում շարունակում են հազվադեպ, բայց կրակել ինքնաձիգներից ու գնդացիրներից։ 

 

Թալիշն ու Մատաղիսը լեռնային գյուղեր են՝ Մարտակերտից հյուսիս, որը ևս տուժել է ռմբակոծումից։ Մատաղիսը գտնվում է Մարտակերտից 30 կմ հեռավորությամբ, իսկ Թալիշը՝ ավելի բարձր՝ լեռներում, մոտ 8 կմ Մատաղիսից հեռու։

 

Ապրիլի 2-ից սկսյալ հենց այստեղ են ընթացել ամենադաժան փոխհրաձգությունները։

 

Անդրադարձը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Որքան ավելի ես հեռանում Մարտակերտից, այնքան ավելի հաճախ ես ճանապարհին զինվորականների հանդիպում։ Մատաղիսում ամենուր՝ անգամ հովիվը, որը ոչխարներին արածացնելու է տանում, «Կալաշնիկով» ինքնաձիգով է զինված։

 

Մատաղիսի մոտից դեպի Մարտակերտ են գնում միանգամից երեք բեռնատարներ՝ լի տան իրերով՝ բազմոցներ, պահարաններ, սեղաններ։ Նրանք, ում տունն ավերվել է, տեղափոխում են իրենց իրերն այն վայրեր, որտեղ հիմա ժամանակավորապես են հաստատվել։

-Մենք, իհարկե, կվերադառնանք։ Իսկ ո՞վ պիտի բնակվի Թալիշում,- ասում է բեռնատարներից մեկի ղեկին նստած տղամարդը։ Մեկ այլ տեղացի «Ժիգուլիով», բացի իրերից, նաև երկու շներին է տեղափոխում։

 

Մատաղիսում, որտեղ սովորաբար 700 մարդ է ապրում, ավերվել են մի քանի շենքեր։ Այստեղ մեծ զորամաս է տեղակայված։ Դրա պարսպին արկ է հասել՝ անցք բացելով և վնասելով մոտ կանգնած մեքենան։ Մնացած շենքերը կանգուն են մնացել։

 

Գյուղի կենտրոնում գիտնական Մարտիրոսյանի անվան դպրոցն է, որի մոտ դեռևս ապրիլի 2-ին արկ էր ընկել՝ «Գրադ» հրթիռային կայանքից արձակված։

 

Հարվածային ալիքից կոտրվել էին ապակիներն ու նաև ապաստարանի դուռը, որում այդ պահին գտնվել էին երեխաները։ Դպրոցի տնօրենն ինձ ասում է, որ Մատաղիսը ռմբակոծել են 4 օր։

 

«Կարծում եմ, որ մոտ 300 արկ է ընկել քաղաքում։ Հատկապես շատ էին կրակում հրադադարին նախորդած գիշերը։ Ոչ ոք չի զոհվել»,-պատմում է տնօրենը։

 

Նորակառույց մեկհարկանի տնակների կողքին հանգիստ արածում են կովերը, սակայն կողքին՝ հողի միջից նկատվում են արկերի մնացորդները։ Տեղի բնակիչները պատմում են, որ հենց այդտեղ է ապրիլի 2-ին վիրավորվել Մատաղիսի գյուղապետը, ով եկել էր տնից երեխաներին տանելու։ Նա այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում է։

 

Մատաղիսում ռմբակոծել են նաև տեղի ՀԷԿ-ը. այդ պատճառով էլ այժմ Թալիշում լույս չկա։ Գլխավոր ինժեներ Վալերի Եդիգարյանը պատմում է, որ էլեկտրակայանը ռմբակոծել են հակամարտության սրման երկրորդ օրը։

 

«Այնտեղ «Գրադով» են խփել, գեներատորն ամբողջությամբ այրվել է»,-ասում է նա։

 

ՀԷԿ-ի մոտակայքում, որի ապակիներն ամբողջությամբ կոտրվել են, աշխատակիցները հրադադարի արդեն երկրորդ օրն էներգամատակարարման նոր գծեր են անցկացնում։


Թալիշը տեղակայված է Մատաղիսից բարձր, այն գրեթե շփման գծի վրա է՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի սահմանին, որն այժմ մասնակիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

 

Թալիշի մոտ զինվորներ են կանգնած։ «Մենք շատ ուրախ ենք հրադադարի համար, իսկ ավելի լավ կլիներ, որ նրանք չռմբակոծեին, այլ հետևակն այստեղ գար, մենք նրանց կհասկացնեինք»,- ասում է նրանցից մեկը։ Մեկ այլ զինվորական պատմում է, որ Թալիշում գտնվում է արդեն 5 օր, գյուղը մշտապես ռմբակոծել են, սակայն գործը մերձամարտի չի հասել։

 

Թալիշից Ստեփանակերտ է մեկնում Ավակիսյանների ընտանեկան զույգը։ Հայկ Ավակիսյանը պատմում է, որ իրենց տունն ավերվել է, և այժմ նրանք ավելի վաղ գյուղից տարհանված իրենց երեխաներին տաք հագուստ և իրեր են տանում։

 

Գյուղի մեկ այլ բնակչուհի՝ Էլմիրա Բաղիյանը, պատմում է, որ իր տան վրա երկու արկ է ընկել. ինքն աղջկա հետ մի քանի օր նկուղում է մնացել։

 

Թալիշը շատ է տուժել ռմբակոծություններից։ Շենքերի մի մասն ավերվել է։ Ճանապարհներին բեկորներից սատկած կովեր ու ոչխարներ են։ Ամենուր արկերի մմնացորդներ են, դարպասներին տեսանելի են փամփուշտների հետքերը, սակայն ղարաբաղցի զինվորականները պնդում են, որ գյուղում մերձամարտ չի եղել։

 

Այստեղ ընկած արկերից մեկի մոտ կանգնած է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը՝ զինվորական համազգեստով։ Նա զինվորականների հետ նայում է արկին։

 

-Սա «Բուրատինո» է, այո՞,- հարցնում է նա սպային։ Վերջինս հաստատում է։

 

Նա ուղեկցող է տրամադրում, որպեսզի ինձ տանեն այն տունը, որտեղ, ԼՂՀ-ի ղեկավարության պնդմամբ, ադրբեջանական հատուկջոկատայինների դիվերսիոն խումբը երեք տարեցների է սպանել (ի դեպ, տղամարդու ականջներն են կտրել)։ Այդ տունը Թալիշի ամենավերևում է, այն փաստացի գյուղի վերջին տունն է, դրանից հետո շփման գիծն է ու Ադրբեջանի տարածքը։

 

Տան բակում դեռ չորացած լվացքն է, սեղանին՝ պահածոների տարաները։ Ներսում խառնաշփոթ է, իրերը գետնին են թափված։ «Կալաշնիկովի» փամփուշտներ կան, իսկ դռան վրա և հատակին արյան հետքեր են (դատելով լուսանկարներից՝ այստեղ տարեց կինն է ընկած եղել)։

 

Չնայած ապրիլի 5-ին շփման գծում հայտարարված հրադադարին, երբ ես Թալիշում էի՝ մոտ ժամը 13։00-ին, հարևան բարձունքներից լավ լսելի էին ինքնաձիգների ու գնդացիրների կրակահերթերը։ Ընդհանուր առմամբ՝ ճակատի հյուսիսային մասում իրավիճակը հանդարտ է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին