Կարևոր իրադարձություններ

«Մամ, պապ, համբերեք՝ բան չմնաց, գալու եմ»... 7 օր է՝ հարազատները զինվորից լուր չունեն

06 Ապրիլ, 2016 23:21
«Մամ, պապ, համբերեք՝ բան չմնաց, գալու եմ»... 7 օր է՝ հարազատները զինվորից լուր չունեն

 Armtimes.com-ը գրում է .

Արցախում վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններով պայմանավորված չափազանց ծանր է այն ընտանիքների վիճակը, որոնք որեւէ տեղեկություն չունեն իրենց զինվոր զավակներից:

Անտեղյակության այս ֆոնին, մինչ մայրերը ամեն մի զանգից վեր են թռնում՝ կարծելով, որ որդին է կամ նրանից լուր ունեցող որեւէ մեկը, բնակավայրերում նրանց զավակների մասին իրարամերժ տեղեկություններ են շրջում: Իսկ որեւէ պաշտոնական պարզաբանում չկա: Հայտնի է, որ 4 օր տեւած պատերազմում Հայաստանն ունի 28 անհետ կորած: Թե ովքեր են նրանք՝ հայտնի չէ: Կորածների անունները չի հրապարակվում:

Այսօր մենք փորձեցինք զրուցել 20-ամյա զինծառայող Արման Անդրեասյանի ընտանիքի անդամների հետ, ում մասին հարազատները տեղեկություն չունեն արդեն 7 օր: Արմանի մայրը չկարողացավ մեզ հետ խոսել՝ ծանր հոգեվիճակի պատճառով:

Արմանի եղբոր կինը՝ Թեհմինե Այվազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զինվորի հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին:

«Ասաց, որ զորամասում է, բարձրանում է դիրքեր: Զանգել էր, որ հրաժեշտ տար՝ դիրքեր բարձրանալուց առաջ: Այդպես է լինում միշտ: Դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Լռություն է»,- ասաց Արմանի եղբոր կինը:

Տեղեկացանք, որ Արմանը ծառայում էր Ջաբրայիլում: Թեհմինե Այվազյանն ասաց, որ Արմանի վերաբերյալ փորձել են տեղեկություններ ստանալ տեղական զինկոմիսարիատից, սակայն ապարդյուն.

«Ցանկացած դեպքում, երբ դիմել ենք, ասել են չենք տիրապետում ոչ մի տեղեկության: Ոչինչ չեն ասում: Մենք էլ չգիտենք ինչ անել»,- նշում էր Թեհմինեն:

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, որտեղ ապրում է Արմանի ընտանիքը, տարբեր լուրեր են տարածված: Մեկն ասում է՝ Արմանը զոհվել է, մյուսը՝ թե գերի է ընկել եւ այսպես շարունակ: Ու այսպիսի ամեն մի տեղեկությունը ականջներին հասնելու պես ընտանիքն իրար է խառնվում, լացուկոծ սկսում: Իսկ պաշտոնական տեղեկատվություն չկա ու չկա:

«Միշտ էլ կան տարբեր խոսակցություններ, բայց դե մենք սպպասում ենք պաշտոնական տեղեկության»,- ասում է զինծառայողի եղբոր կինը: Ի դեպ, Արմանը ընտանիքի 5 տղաներից մեկն է, ամենափոքրը:

Նշենք, որ Արմանը օրինակներից մեկն է: Այսօր շատերն են նույն վիճակում, ինչ նրա ընտանիքը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից  փորձեցինք պարզել, թե կա՞ն, արդյոք գերիների կամ սպանվածների դիերի փոխանաման շուրջ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

«Տարբեր հարցերի շուրջ այդ երկխոսությունը տեղի է ունենում եւ շարունակվում է, բայց մանրամասներ ձեր տված հարցերի հետ կապված դեռ չունեմ: Կոնկրետ հաջողությունների մասին կարող ենք խոսել ավելի ուշ, երբ կարողանամ ավելի հստակ ինֆորմացիա տրամադրել: Բայց կարող եմ հաստատել, որ երկխոսություն ընթանում է»,- ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցության հարցերով ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին՝ կոնկրետ զինվորի տվյալներ տրամադրելով կարո՞ղ ենք ստուգել՝ նրա անունը շրջանառվո՞ւմ է այդ բանակցությունների համատեքստում, Ամատունին բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Արցախում սկսված ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 28 անհետ կորած: Ապրիլի 3-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ չեզոք միջնորդ լինելու պատրաստակամության մասին հայտարարությամբ՝ ընդգծելով նաեւ հակամարտության գոտում տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:

 

Հ.Գ. Լուսանկարները վերցված են համացանցից, որտեղ Արմանի վերջին գրառումը հետեւյալն է. «Մամ, պապ համբերեք: Բան չմնաց, գալու եմ»: Սա գրել է ամիսներ առաջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին