Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպություններն Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանում

06 Ապրիլ, 2016 22:07
Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպություններն Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանում

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպություններն ապրիլի 5-ին Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են հանձնել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էյսինկին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության մեջ նշված է. «Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ «Քրիստոնեա-Ժողովրդական միավորում» կուսակցությունից, Վան Ռոնը՝ «Հանուն ազատության» կուսակցությունից, Շյորդսման՝ «Ժողովրդավարներ-66» կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը բոլորովին վերջերս գտնվել է Լեռնային Ղարաբաղում։

Հայկական պատվիրակության կազմում էին Նիդերլանդների Հայկական կազմակերպության անվան տակ հանդես եկող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացված պահանջագրի մեջ խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից բռնության կիրառումը և արտահայտվում է ծանր մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական բռնություններին համընթաց տեղի են ունենում անմարդկային խոշտանգումներ նաև մանուկների և տարեցների նկատմամբ։ Այս առնչությամբ ցուցադրվեց մի լուսանկար՝ Տավուշ գյուղում տարեց մարդկանց հանդեպ կատարված զարհուրելի արարքներից։

Պատվիրակությունը խորհրդարանի անդամներին խնդրեց, որպեսզի նրանք բռնության կիրառումը ծանր բնորոշումներով դատապարտեն, ինչպես նաև արտգործնախարարին հանձնարարեն նույնը անելու։ Օգտվելով հանգամանքից, որ Նիդերլանդները նախագահում են Եվրամիությունում, ցանկալի է, որ արտգործնախարարը հանդես գա Եվրամիության Արտգործնախարարների խորհրդում՝ պահանջով, որ նրանք նույնպես պատշաճ գնահատական տան այս երևույթին։ Միաժամանակ, Նիդերլանդների կառավարությանը խնդրվում է աշխուժորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, այնպես ինչպես դա անում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի նախաձեռնությունները սակայն մինչև օրս Ադրբեջանի կողմից անընդհատ մերժվում են։

Պահանջագրի հանձնման ժամանակ պատվիրակությունը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի շարք կարևոր կետերի վրա, որոնք հաճախ մոռացվում են։ Օրինակ այն, որ ի՞նչ տարածքների գրավման մասին կարող է խոսք լինել, երբ հայ ժողովուրդն այնտեղ արդեն հազարամյակներ է, որ ապրում է։ Մյուսը հակամարտության սկզբնաղբյուրի մասին, որ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հռչակել է միանգամայն օրինական ճանապարհով՝ Խորհրդային Միության, այն ժամանակ դեռ ուժի մեջ գտնվող սահմանադրության հիման վրա, իրեն օրենքով և առանց բռնության անջատելով Ադրբեջանից այն պահին, երբ վերջինս իր հերթին Խորհրդային Միությունից անկախացավ։ Եվ սակայն Ադրբեջանն այս օրինական քայլին հակադարձեց բռնության աննախընթաց կիրառությամբ։ Մեկ այլ ուշադրության արժանի կետ է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է, որն արմատական վարձկաններ է զինվորագրում։

Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները կառավարությունից պահանջում են աշխուժորեն և ուշադիր հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու թուրք-ազերիական քաղաքականության, որը լայն կիրառություն ունի նաև Նիդերլանդներում։

Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո շարունակվեցին երկկողմանի զրույցները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր վիճակի վերաբերյալ և կատարվեց մտքերի փոխանակություն հիմնախնդրի պատճառների և լուծման հնարավորությունների վերաբերյալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին