Կարևոր իրադարձություններ

Բռնագանձել բիոզուգարանների գումարը և ընտրությունները վերահսկող սարքավորումներ գնել

24 Հոկտեմբեր, 2015 22:22
Բռնագանձել բիոզուգարանների գումարը և ընտրությունները վերահսկող սարքավորումներ գնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը և Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորներ` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող երկու նախագիծ: Երկուսով էլ առաջարկվում է թույլատրել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելը: 

Հայաստանում նունյականացման քարտ ունի 558 հազար 401 քաղաքացի: 2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է»: Նախորդ երեք տարիների ընթացքում, սակայն, Ընտրական օրենսգրքում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնք ՀՀ քաղաքացիներին թույլ կտան քվեարկել նաև նույնականացման քարտերով: Դեկտեմբերի 6-ի սահամանադրական հանրաքվեից առաջ ԱԺ պատգամավորները որոշել են լրացնել բացթողումը. հոկտեմբերի 23-ին երկու նախագծերը քննարկվեցին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Թույլատրել և վերահսկել

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է ոչ միայն թույլատրել նույնականացման քարտերով քվեարկելը, այլև վերահսկողության այնպիսի մեխանիզմ սահմանել, որը հնարավորություն կտա բացառել կրկնակի քվեարկությունները: Մասնավորապես, առաջարկվում է ձեռք բերել քարտերի քվեարկությունն արձանագրող համապատասխան սարքավորումներ ու տրամադրել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերին: Ըստ հիմնավորման՝ անձնագրերով քվեարկելու դեպքում դրոշմակնիք է դրվում ընտրողի անձնագրում, իսկ քարտերի վրա ինչ-որ նշում կատարելու մասին օրենսդրական դրույթ չկա: Տ.Ուրիխանյանն առաջարկում է քվեարկության ժամանակ ինչ-որ նշում անել նաև նույնականացման քարտի վրա: Ընդ որում՝ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ:

Հանձնաժողովը նախագծի քննարկմանը ներկայացել էր ընդդիմախոսների պատկառելի կազմով. նիստին մասնակցում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Տ.Մուկուչյանը նախ նկատեց, որ ընտրությունների գործընթացը ապահովված չէ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներով: Ապա կասկածի տակ դրեց համապատասխան սարքավորումների վերահսկողական հնարավորությունները: «Եթե ընտրության օրն ունենանք այդ սարքերի խափանման դեպքեր, օբյեկտիվ պատճառներով, ապա սա շահարկման առարկա կդառնա»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Արդարադատության նախարարը նույնպես կասկած հայտնեց, թե կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ նույնականացման քարտերով քվեարկությունը վերահսկելու հստակ մեխանիզմներ ներդնել: Այդ քայլն, ըստ նրա, փոքր թերության դեպքում անգամ կարող է ընտրական գործընթացի նկատմամբ նոր անվստահություն առաջացնել: Նախարարը հորդորեց նման մեխանիզմների ներդրումը թողնել առաջիկա համապետական ընտրություններին: 

Հ.Սահակյանն էլ նշեց, թե մինչև դեկտեմբերի 6-ը հնարավոր չէ վերահսկողական մեխանիզմներ ներդնել, ուստի այս փուլում ճիշտ կլինի միայն ամրագրել, որ քվեարկությանը կարելի է մասնակցել նաև նույնականացման քարտերով:

Քվեարկություն առանց վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների

ՀՀԿ-ական պատգամավորների կողմից նույնաբովանդակ նախագծի ներկայացումը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հիմնավորեց մինչև դեկտեմբերի 6-ը նույնականացման քարտերով քվեարկությունն անպայման ապահովելու անհարժեշտությամբ: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ եթե հանկարծ Տ.Ուրիխանյանը որոշեր հետաձգել կամ հետ վերցնել իր նախագիծը, ապա գոնե իրենք կարողանային նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն ստեղծել: Հակառակ դեպքում մեղադրանքներ կհնչեին, թե չեն ցանկացել ապահովել միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների քվեարկելու իրավունքը:

ՀՀԿ-ի նախագծում, սակայն, բացակայում է լրացուցիչ վերահսկողության առաջարկը: Հ.Սահակյանը պատճառաբանեց, թե համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար միջոցներ չկան: Տ.Ուրիխանյանն ի պատասխան առաջարկեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից բռնագանձել թանկարժեք, բայց նպատակին չծառայած բիոզուգարանների գումարը և դրանով ձեռք բերել համապատասխան սարքավորումներ: Հ.Սահակյանը նկատեց, սակայն, թե ֆինանսական հնարավորությունների բացակայությունից զատ մինչև դեկտեմբերի 6-ը չեն հասցնի ընդունված նորամուծությունները լիարժեքորեն ներդնել: Բացի այդ՝ Ընտրական օրենսգիրքը, նրա խոսքով, ընտրական գործընթացը լիարժեքորեն վերահսկելու հնարավորություն տալիս է:

Ընդունվեց ՀՀԿ-ի նախագիծը

Հանձնաժողովի ոչ իշխանական պատգամավորները՝ ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ընդունելի համարեցին թե նույնականացման քարտերով քվեարկություն ապահովելու, թե այդ քվեարկությունը լրացուցիչ մեխանիզմներով վերահսկելու առաջարկությանը և կողմ քվեարկեցին Տ.Ուրիխանյանի նախագծին: Հանձնաժողովում, սակայն, ՀՀԿ-ականների թիվը գերակշռում էր և Տ.Ուրիխանյանի նախագիծը մերժվեց: Առաջիկա քառօրյայի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ Հանրապետական պատգամավորների հեղինակած նախագիծը: Այն կքննարկվի հատուկ կարգով՝ երկրորդ ընթերցումը առաջինից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպելու ռեժիմով:

 

Լրահոս

Դիտել ավելին