Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. Սերժ Սարգսյան

06 Ապրիլ, 2016 17:50
Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:
Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ


«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 

Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով կրկին գտնվել բարեկամ Գերմանիայում, որը Հայաստանի համար թե՛ եվրոպական և թե՛ միջազգային հարթակներում արժեքավոր բարեկամ է, հուսալի գործընկեր և հաստատակամ աջակից։ Շնորհակալ եմ, տիկի՛ն կանցլեր, հրավերի և ջերմ ընդունելության համար: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների օրակարգը չափազանց լայն է: Այն ներառում է թե՛ բազմոլորտ երկկողմ հարաբերությունների շրջանակ, թե՛ փոխգործակցություն Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ և խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։
 

Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին:
 

Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին: Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։
 

Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի։


Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:

 

Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում:
 

Այս մասին եմ պատմել տիկին կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:
 

Օգտվելով առիթից` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը, անձամբ տիկին կանցլեր Ձեզ` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար։ Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ։

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 

Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է։ Օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին։ Տիկին Մերկելին ասացի, որ պատրաստ ենք հյուրընկալել գերմանացի գործարարներին Հայաստանում։
 

Օգտվելով առիթից՝ պետք է հատուկ նշեմ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։ Դրա ամենաթարմ օրինակն է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օգնությունը:
 

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

 

Լրահոս

Դիտել ավելին