Կարևոր իրադարձություններ

Օֆշորային սկանդալի ֆոնին Օբաման միջազգային հարկային բարեփոխման կոչ է արել

06 Ապրիլ, 2016 17:12
Օֆշորային սկանդալի ֆոնին Օբաման միջազգային հարկային բարեփոխման կոչ է արել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ «պայթած» ու բազմաթիվ բացահայտումների հանգեցրած օֆշորային սկանդալի ֆոնին առաջարկել է հարկերի վերաբերյալ միջազգային բարեփոխում իրականացնել։
 

Ինչպես նշում է The Guardian-ը, Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ արտահոսած գաղտնի փաստաթղթերը մեծ կարևորություն են ներկայացնում` ընդգծելով, որ հարկերի վճարումից խուսափելու գլոբալ միտումն «ահռելի խնդիր» է:


«Կասկածից վեր է այն փաստը, որ հարկերից խուսափելու միտումը գլոբալ բնույթ է կրում։ Խոսքն ամբողջ աշխարհի մասշտաբով մի քանի տրիլիոն դոլարի մասին է»,-ասել է Օբաման։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը` ICIJ-ը, հրապարակել է մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։



Մասնավորապես՝ շոշափվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

 

Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:


Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։


Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին