Կարևոր իրադարձություններ

Նրանք, ովքեր համարում են, թե հայերը վերջերս են բնակեցրել Ղարաբաղը, թող գնան, տեսնեն Գանձասարի վանքը, և ամեն ինչ պարզ կդառնա. Սոլովյով (տեսանյութ)

06 Ապրիլ, 2016 15:08
Նրանք, ովքեր համարում են, թե հայերը վերջերս են բնակեցրել Ղարաբաղը, թող գնան, տեսնեն Գանձասարի վանքը, և ամեն ինչ պարզ կդառնա. Սոլովյով (տեսանյութ)

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» ռադիոհաղորդման շրջանակում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի կտրուկ սրմանը` փորձելով լսել հակամարտող կողմերի ներկայացուցիչներին ու ներկայացնելով սեփական տեսակետը։

 

Ռադիոզրույցին առաջինը միացել է ադրբեջանցի թղթակիցը, ով պաշտոնական Բաքվի տեսակետը շարադրելուց հետո շտապել է բոլորին համոզել, որ ստեղծված իրավիճակում ամենևին էլ Թուրքիայի «մատը խառը» չէ։


Այնուհետև ուղիղ եթերում է հայտնվել ԼՂՀ-ից Ժաննա Գալուստյանը, ով ամենայն մանրամասնությամբ պատմել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների, խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին, ինչպես նաև Թուրքիայի ներգրավվածության մասին։

 

«Վերջին իրադարձությունները ստիպեցին, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը համախմբվեն ու ժամանեն հայրենիք` հանուն նրա պաշտպանության: Ենթադրում եմ, որ նույն վիճակն է նաև Ադրբեջանում: Այս ամենն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ. եթե այսօր խոսքը տասնյակ զոհերի մասին է, ապա որոշ ժամանակ անց, եթե ոչինչ չփոխվի, խոսք կգնա հարյուրավոր, հազարավոր զոհերի մասին:


Իմ կարծիքով՝ ստեղծված իրավիճակի արմատները շատ ավելի խորն են ու ունեն 100 տարվա վաղեմություն։ Դրանք անմիջականորեն շաղկապված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ։ Եվ երբ Թուրքիայի նախագահը հրապարակավ ասում է, որ ԼՂ-ն վաղ, թե ուշ վերադառնալու է իր իրական «տիրոջ» մոտ, նա ակնհայտորեն յուղ է լցնում վառվող կրակի վրա։ Ուստի՝ որքան էլ մեր ադրբեջանցի թղթակիցը պնդի, թե Թուրքիան որևէ կապ չունի, ակնհայտ է, որ այդ երկիրը միակն էր, ով դե ֆակտո կողմ արտահայտվեց պատերազմի շարունակությանը։
Ըստ իս` Ղարաբաղի միացումն Ադրբեջանին հնարավոր է միայն այնտեղի ողջ հայ բնակչությունը վերացնելու դեպքում, ինչը, իհարկե, աշխարհում ոչ ոք թույլ չի տա»,-ասել է Սոլովյովը:

 

Աշխարհին այդ պատերազմը պետք չէ, ու աշխարհը չի պատրաստվում աջակցել դրա վերսկսմանը, ասել է նա։

«Այս վաղեմի հակամարտությունը դժվար է լուծել: Կողմերը վիճում են, թե այդ տարածքն ում է պատկանում, և իմ տեսակետն այս հարցի շուրջ հայտնի է: Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե հայերը վերջերս են բնակեցրել այդ հողերը, թող գնան Ղարաբաղ, տեսնեն այնտեղի հիասքանչ բնությունը, լեռներն ու, իհարկե, Գանձասար վանքը, որն աշխարհում ամենահին քրիստոնեական կառույցներից է, ու ամեն ինչ իր տեղը կընկնի, ամեն ինչ ակնհայտ կդառնա»,-շարունակել է Սոլովյովը:

 

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածության հարցին` հաղորդավարն ասել է. «Պատկերացրեք, թե ինչ անասելի ցավ է ապրել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով. խոշտանգված, ստորացված, բռնաբարված, թալանված ու սեփական հայրենիքից դաժանաբար վտարված միլիոնավոր հայեր: Չկա այնպիսի մի հանցագործություն, որն Օսմանյան կայսրությունը չի իրագործել հայերի նկատմամբ: Եվ ահա պատկերացրեք հայերի վերաբերմունքն առ այն, որ Թուրքիան խառնվում է այս հակամարտությանը:
Ավելին` Էրդողանն ավելի է թեժացնում իրավիճակը` ասելով, որ ԼՂ-ն պետք է վերադառնա իր իրական «տիրոջ» մոտ: Մի՞թե, ժամանակակից ժողովրդավար աշխարհում նմանօրինակ ձևակերպումը` «տեր», ընդունելի է»:


«Որքան էլ կարծիքներ հնչեն, թե Թուրքիային ձեռնտու չէ ներկայիս լարվածությունը, ես համոզված եմ հակառակում։ Անկարան չափազանց վատ հարաբերությունների մեջ է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի հետ ու, ընդհանուր առմամբ, չի վայելում միջազգային հանրության բարեհաճությունը: Իրավիճակը շտկելու համար Թուրքիան պետք է սկզբում հրահրի կոնֆլիկտը, իսկ հետո հանդես գա «փրկչի» դերում` առաջարկելով իր միջնորդական օգնությունը։ Այս տեսակետի իրավացիությունն են փաստում նաև Ռուսաստանում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչները, ովքեր առանց ամաչելու ասում են, որ ԼՂ հակամարտության սրման պատճառն այն է, որ Պուտինը չի ուզում խոսել Էրդողանի հետ: Ուստի` այս ամենի ֆոնին անհնար է չտեսնել Թուրքիայի ակնհայտ հետաքրքրվածությունը»,- ասել է նա։

 

«Ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ Ալիևը խելամիտ կգտնվի ու Սպիտակ տնից զանգ ստանալուց հետո կկենտրոնանա հարցի խաղաղ կարգավորման լուծման տարբերակների վրա: Չեմ կասկածում նաև ՀՀ ու ԼՂ ղեկավարների խոհեմության վրա, ովքեր անպայման հաշվի կառնեն ռուսական կողմի խաղաղասիրական մոտեցումները»,-եզրափակել է հայտնի հաղորդավարը:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին