Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ է անցել Հրազդանի ցեմենտի գործարանը. «Հրապարակ»

06 Ապրիլ, 2016 08:35
Ո՞ւմ է անցել Հրազդանի ցեմենտի գործարանը. «Հրապարակ»

Ազգային ժողովը երեկ քննարկում էր «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ նիստում ասաց, որ գործարանը կուտակել է մեծածավալ հարկային պարտավորություններ, ինչը հանգեցրել էր նրան, որ գործարանի վերցրած վարկերի ապահովման համար գույքը եւ բաժնեմասերը գրավադրվել են ՎՏԲ-Հայաստան բանկում, ուստի ձեռնարկությունը գնում է սնանկացման ու լուծարման: Ընկերությունը, մասնավորապես, կազատվի 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն. 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Հիշեցնենք, որ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացավ, փակվեցին նաեւ Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Իսկ կապիտալը Բաղդասարովը հանեց Հայաստանից։ Պատգամավորներին հետաքրքրում էր, թե ով է նոր սեփականատերը, եւ ում համար է կառավարությունը նման արտոնություն սահմանում։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ փաստացի սեփականատերը ՎՏԲ-Հայաստան բանկն է, որին անցել է բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Գործարանը տույժ-տուգանքներից ազատելով, ըստ նախարարի, հնարավորություն են տալիս ապահովել 470 աշխատատեղ ու գործարանի աշխատանքի շարունակականությունը: Հեղինե Բիշարյանը հորդորեց սրտաճմլիկ ելույթներ չունենալ, քանի որ երբ պատվեր կա, այդ գործարանն այսպես, թե այնպես աշխատում է:

 

Լրահոս

Դիտել ավելին