Կարևոր իրադարձություններ

Փառք բոլոր այն տղաներին, ովքեր անմահացան այս օրերին

05 Ապրիլ, 2016 23:38
Փառք բոլոր այն տղաներին, ովքեր անմահացան այս օրերին

Բոլոր հայերով այսօր պետք է մեկ բռունցք լինենք, և՛ կանք, կարծում եմ: Բոլորս մեր զինվորների հետ, նրանց կողքին ենք հոգով, սրտով, նաև ֆիզիկապես, եթե նման պահ գա: Նրանք դա միշտ պետք է հիշեն ու զգան:

Ուժ ու կորով եմ մաղթում: Փառք բոլոր այն տղաներին, ովքեր ընկան, անմահացան այս օրերին: Ի տարբերություն թշնամու, մերոնք հայրենիքի, հողի համար են իրենց կյանքը տվել: Աշխարհի հայերով պետք է հասկանանք, գիտակցենք, որ մեր ուժը մեր միասնականության, մեկ բռունցք լինելու մեջ է, միայն մենք կարող ենք փրկել մեզ:

Այսօր խրամատում գտնվող հայ զինվորը, որն ի՛մ եղբայրն է, ի՛մ զավակը, ի՛մ արյունակիցը, թո՛ղ իմանա, որ ամբողջ հայ ազգն իր կողքին է, իր հետ: Ես երբեք չեմ էլ կասկածել մեր ազգի միասնականության վրա: Կարող են տարաբնույթ հարցեր լինել մեր ներսում, բայց երբ խոսքը գնում է Հայաստանի անվտանգության մասին (երբ ասում ենք Արցախ, պետք է հասկանանք, որ ամբողջական Հայաստանը նկատի ունենք, և հակառակը՝ երբ ասում ենք Հայաստան, նշանակում է՝ Արցախ), անքակտելի ենք դառնում, մե՛կ միտք, մե՛կ ուժ ենք դառնում: Եթե նույնիսկ թիկունքում ունեցել ենք պարտություններ, դա եղել է ոչ թե ուժի պակասի, այլ ոչ միասնականության արդյունքում:

Ելնելով այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերներից՝ պետք է հասկանանք, որ մեր աջակիցն ու բարեկամը առաջին հերթին միայն մենք ենք՝ մեր ուժով, բռունցքով, համախմբվածությամբ: Եթե որևէ մեկն էլ մեր կողքին կկանգնի ու կասի՝ այո՛, ձեր ընկերն եմ, դաշնակիցը, ապա խնդրեմ, թող ասի, բայց ապավինել՝ կարող ենք միայն ու միայն մեզ: Եվ այո, այսօր կան պետություններ, որոնք պարտավոր են կանգնել ու ասել, որ հայի կողքին են:

Իրենց կյանքը մեզ համար տված երիտասարդների, հերոսների հիշատակին հավերժ փառք:

Տիգրան Ներսիսյան, Ֆեյսբուք:

 

Լրահոս

Դիտել ավելին