Կարևոր իրադարձություններ

Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից

05 Ապրիլ, 2016 18:31
Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից

Այսօր Արմավիրի մարզի Ապագա գյուղում հողին հանձնեցին օրեր առաջ Արցախում զոհված 27-ամյա Հովսեփ Կիրակոսյանին: Հովսեփը Պաշտպանության բանակում էր 2006-ից, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար էր, կապիտան:  

Դժվար է գրել մեկի մասին, ում հետ մեկուկես տարի ծառայել ես նույն զորամասում, ամեն օր տեսել, շփվել ու հաճախ նաեւ նկատողություն ստացել: 

Հովսեփից ամենավառ հիշողությունը ինձ տանում է երեք տարի հետ ու կապում բանակային մի օրվա հետ: 

Այնպես ստացվեց, որ զորամասի ճաշարանում տված կերակուրը (կարծեմ ցորենի շիլա էր) զորքի դուրը չէր եկել, սոված էինք մնացել: Երեկոյան իջա Հսկիչ անցագրային կետ (ՀԱԿ), որ զորամասից դուրս գամ ու խանութից բուլկի բերեմ: 

ՀԱԿ-ում հերթապահ էր այն ժամանակ դեռ ավագ լեյտենանտ, ինժեներա-սակրավորային դասակի հրամանատար Հովսեփ Կիրակոսյանը: Ինչպես եւ սպասվում էր` մերժեց բացել դուռն ու ինձ դուրս թողնել: Փորձեցի համոզել, լեզու գտնել երիտասարդ, բայց խիստ սպայի հետ, չստացվեց. բոլորը գիտեին, որ դժվար առաջադրանք է նրա համոզելը: Հովսեփն ինձ հետ ուղարկեց վաշտ: Արդեն բավական հեռու էի անցագրային կետից, երբ ձայն տվեց, հետ կանչեց. 

-Դե հերիք եղավ էլի, զզվացրիք, դուրս, հա դուրս: Ի ՞նչ ես ուզում, ասա, ես կգնամ, կբերեմ: 

Ավագ-լեյտենանտ Կիրակոսյանը բուլկին բերեց, կերանք, ստամոքսներս խաբեցինք ու պառկեցինք քնելու: 

Այսօր հողին հանձնեցինք նույն այդ Հովսեփին`երկու զավակների հորը, պրոֆեսիոնալ սպային ու սակրավորին, ով մեզ սովորեցնում էր տարբերել տասնյակ ականներն ու զգոն լինել: Շատ բան կտայի, որ հիմա գրեի ոչ թե նրա զոհվելու, այլ ստացած հերթական զինվորական կոչման կամ պարգեւատրումների մասին:  Իսկ Հովսեփի հետ նման առիթներ դեռ շատ կլինեին: Կլինեին, եթե…

 

Լրահոս

Դիտել ավելին