Կարևոր իրադարձություններ

Իրաքահայ թեմը դատապարտել է ադրբեջանական բռնարարքները Լեռնային Ղարաբաղում

05 Ապրիլ, 2016 16:29
Իրաքահայ թեմը դատապարտել է ադրբեջանական բռնարարքները Լեռնային Ղարաբաղում

Իրաքահայ թեմի Ազգային առաջնորդարանը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ`կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել ադրբեջանական բռնարարքները: Այս մասին տեղեկացնում են առաջնորդարանից:

«Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ապրիլի 2-ին ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, որոնք ուղղված են իրենց պատմական հայրենիքում ապրող և ստեղծագործող բնակչության նկատմամբ, կոչ ենք անում միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ և խաղաղասեր ուժերին դատապարտել ադրբեջանական բռնարարքները` պահանջելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և վերադարձ բանակցային սեղանին, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել կողմերի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը համարվում է կողմերի միջև առկա տարակարծությունների կարգավորման միակ ճանապարհը, որին հրահրելու փոխարեն պետք է վերադառնա ադրբեջանական ղեկավարությունը:

Մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանն ու ժողովրդին, վշտակցում զոհվածների հարազատներին, կիսում նրանց ցավն ու մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին