Կարևոր իրադարձություններ

Մեր ուղերձների շրջանակում մենք սպասում ենք, որ հասցեական գնահատական տրվի. Կորյուն Նահապետյան

05 Ապրիլ, 2016 16:17
Մեր ուղերձների շրջանակում մենք սպասում ենք, որ հասցեական գնահատական տրվի. Կորյուն Նահապետյան

ԼՂՀ–ի հետ ՀՀ–ի փոխօգնության պայմանագիրը կքննարկվի այն ժամանակ, երբ որ կներկայացվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:


Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նա ասաց.«Մենք ունենք նաև մեր ռազմական պլանավորումը, որը պետք է վստահենք այսօրվա երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը»:


Ինչ վերաբերում է Վիենայում այսօր կայանալիք Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Կորյուն Նահապետյանն ասաց. «Բոլոր դեպքերում կլինեն կոչեր ուղղված կողմերին: Մեր ակնկալիքը շատ հստակ է ձևավորվել, երեկ ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ և ակնկալիքները և ուղերձները ներկայացվել են: Մեր ուղերձների շրջանակում մենք սպասում ենք, որ հասցեական գնահատական տրվի: Իսկ եթե չտրվեց, դրան համարժեք կլինի Հայաստանի Հանրապետության գործողությունները և դիրքորոշումը»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավվելուն և վերջին գործողություններին մասնակցություն ունենալուն, պատգամավորն ասաց.«Բոլոր դեպքերում պետք է հասկանալ, որ թե՛ կլինեն վարձկաններ, թե՛ Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսորներ, միևնույն է, մեր գործողությունները լինելու են համարժեք և մենք փորձելու ենք կանխել ամեն տեսակի ոտնձգություն»:


Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի գնահատականներին, նա ասաց.«Ես մտահոգված եմ, և այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը նաև հարձակողական նշանակության զենք է վաճառել Ադրբեջանին, այդ ամենի վերաբերյալ նախկինում ևս հայտնել ենք մեր խորը մտահոգությունը: Բոլոր դեպքերում կարծում եմ առաջիկա օրերին Ռուսաստանի կողմից կլինեն այլ հայտարարություններ, բայց բոլոր դեպքերում մենք պետք է հասկանանք, որ հույսը պետք է դնենք մեր վրա՝ ունենալով նաև ռազմավարական դաշնակիցներ»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին