Կարևոր իրադարձություններ

Դեսպան Կիրակոսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

05 Ապրիլ, 2016 15:15
Դեսպան Կիրակոսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով դեսպան Կիրակոսյանին` Գլխավոր տնօրենը հակիրճ անդրադարձավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության առաջնայնություններին՝ ներկայացնելով իրականացվելիք ենթակառուցվածքային և ծրագրային նորարարությունները, որոնք միտված են կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների հզորացմանը, ինչպես նաև այս տարի կազմակերպության հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Դեսպան Կիրակոսյանը, բարձր գնահատելով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցության մակարդակը, անդրադարձավ կատարված և ընթացիկ ծրագրերին և շեշտեց իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերական զարգացման համար: Դեսպան Կիրակոսյանը կրկին վերահաստատեց ՀՀ կառավարության հրավերը գլխավոր տնօրեն Լի Յոնգին Հայաստան այցելելու համար:

Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության փոխգործակցությանը՝ Գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերը օրինակելի են, և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին կազմակերպության առաքելությանն աջակցելու համար: Լի Յոնգը խոստացավ այցելել Հայաստան` առկա համագործակցությունն առավել ամրապնդելու և նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

 

Լրահոս

Դիտել ավելին