Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի ներխուժումը Սիրիա կստիպի ԵՄ-ին վերացնել պատժամիջոցները. Forbes

24 Հոկտեմբեր, 2015 19:05
ՌԴ-ի ներխուժումը Սիրիա կստիպի ԵՄ-ին վերացնել պատժամիջոցները. Forbes

Թեպետ Սիրիայում ՌԴ-ի Զինված ուժերի ծավալած ռազմական գործողություններն անհանգստացրել են մի շարք ներդրողների, սակայն ՌԴ-ի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը բացասական ազդեցություն չի ունենա այդ երկրի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Forbes-ի վերլուծաբան Քեննեթ Ռապոզը համոզված է, որ ներկա դրությամբ ծավալվող իրադարձությունները դրական ազդեցություն կունենան ռուսական տնտեսության եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նրա գնահատմամբ, եվրոպացիներն ավելի ու ավելի են հոգնում պատժամիջոցների կիրառումից եւ բիզնես ոլորտի բազմաթիվ լուրջ խաղացողներ անհամբերությամբ են սպասում, թե երբ են այդ պատժամիջոցները վերանալու, որպեսզի կարողանան լուրջ ներդրումներ կատարել Ռուսաստանում:

«Այսօր Ռուսաստանը հանդիսանում է շուկա, որը կախում ունի իր մասնակիցների տրամադրվածությունից եւ ներդրողների վերաբերմունքից: Դա առաջին հերթին պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով, հետո նավթի շուկայում փոփոխություններով եւ միայն վերջում Սիրիայով»,- ասում է փորձագետը` հավելելով, որ միջազգային կազմակերպությունները չեն հրաժարվի ՌԴ-ում ներդրումներ կատարելուց Սիրիայի պատճառով:

Փորձագետը վստահ է, որ նման իրավիճակի պատճառով դրական հետեւանքներն ավելի շուտ կլինեն եւ չի բացառվում, որ ԵՄ-ն վերացնի պատժամիջոցները:

«Քանի որ բացասական ռիսկերը վերահսկելի են եւ շատ ցածր, սիրիական ճգնաժամում ՌԴ-ի ներգրավվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների բարելավման վրա»,- գրել է փորձագետը` հավելելով, որ ներկա դրությամբ Եվրամիությունը շնչահեղձ է լինում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի պատճառով:

«Մենք հույս ունենք, որ Պուտինն իրեն «մեծավարի» կպահի «Արեւմուտքի երեխաների» հետ, ովքեր կրակի հետ են խաղում եւ չեն ընդունում ոչ մի որոշում»,- ասել է Prosperity Capital Management հիմնադրամի նախագահ Մարտին Շարմուան` հավելելով, որ կա լուրջ հնարավորություն, որ մինչեւ հունվար ԵՄ-ն կհրաժարվի ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցների կիրառումից:

 

Լրահոս

Դիտել ավելին